Апреля 22, 2024 | 15:00
Образовательные программы
Студенческий
Образование, работа, собственный бизнес-проект. История студентки ЕГУ Лианы Хачатрян
Студентка 3-го курса факультета экономики и менеджмента ЕГУ Лиана Хачатрян, считая важным академическое образование, совмещает учёбу и работу. Она участвует во многих бизнес-проектах и мероприятиях. Лиана приняла участие в ряде конкурсов, одним из которых стал международный бизнес-форум «Seaside Startup Summit», проходивший в этом году в Объединенных Арабских Эмиратах.
Լիանա Խաչատրյանի հետ զրուցել ենք համալսարանական կրթության կարևորության, ուսանողական ակտիվության, իր ստեղծած նախագծերի, մրցույթների, ստարտափի, ապագա գործունեության մասին։
Իր հաջողությունների մասին պատմել է հենց ինքը՝ Լիանան։
Ինչո՞ւ որոշեցի դառնալ տնտեսագետ և սովորել ԵՊՀ-ում…
Մասնագիտության ընտրության հարցում տատանվել եմ, սակայն ԵՊՀ ընդունվելն ինձ համար վաղուց էր կանխորոշված: Ցանկացել եմ դառնալ բժիշկ, ֆիզիկոս, նյութագետ․․․ Մասնագիտության ընտրությունն ինձ համար իսկապես բարդ է եղել: Ուսումնասիրելով ՀՀ բուհերի վարկանիշը, կրթական ծրագրերը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը՝ հասկացա, որ այստեղ հնարավորություն ունեմ ձեռք բերելու այնպիսի գիտելիքներ և մասնագիտական հմտություններ, որոնք ինձ կօգնեն հետագայում աշխատանքային գործունեության ընթացքում: Ընտրել եմ տնտեսագետի մասնագիտությունը, որ կարողանամ ճիշտ կառավարել ինձ տրված ռեսուրսները և հասնել ցանկալի վերջնարդյունքի:
Համալսարանում ստացած գիտելիքների շնորհիվ մասնակցեցի արտերկրում անցկացվող միջազգային կարևոր գիտական միջոցառմանը...
Համալսարանում վերջերս դասընթացի գնահատման նոր՝ հետազոտական բաղադրիչ է ներդրվել, որի շրջանակում «Նախագծերի կառավարում» դասընթացի ժամանակ մեզ տրվեց նախագիծ կազմելու հանձնարարություն: Ես արդեն ունեի նախագծի գաղափար, սակայն այն ի մի է բերվել «Նախագծերի կառավարում» դասընթացի ժամանակ: Այս դասընթացի շրջանակում նախագիծս ստացավ իր ավարտուն տեսքը, և ես՝ որպես ստարտափի հեղինակ, այս տարվա փետրվարի 23-28-ը մասնակցեցի Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած «Seaside Startup Summit» միջազգային բիզնես ֆորումին, որին մասնակցում էին կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից, ստարտափերներ, որոնք հաղթահարել էին նախընտրական փուլը։ Ի դեպ, այս տարվա հայտադիմումները բավականին մեծաթիվ էին:
Միջազգային բիզնես ֆորումին ներկայացրի իմ ստեղծած «LEDon» ստարտափը, որն զբաղվելու է թվային գնացուցակների և տեղեկատվական մեծ բազայի ստեղծմամբ: Այս պահին էլ ինտենսիվ աշխատում եմ նախագծի վրա և հույս ունեմ՝ մոտ ապագայում կթողարկվի բջջային հավելվածը, որը հասանելի կլինի բոլոր սպառողներին: Իսկ երկրորդ փուլում կստեղծեմ թվային գնացուցակները, որոնք կտեղադրվեն խանութներում, սուպերմարկետներում: Բառ-կոդը սկանավորելով՝ հաճախորդները կտեսնեն ոչ միայն տվյալ ապրանքատեսակի գինը, այլև հնարավորություն կունենան կարդալու ապրանքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ: Հաճախորդները հեշտությամբ կարող են կարդալ ապրանքի բաղադրությունը, գրել կարծիք, ինչպես նաև կարդալ այն մարդկանց կարծիքները, որոնք արդեն իսկ օգտագործել են այդ ապրանքը և գտել են, օրինակ, որոշակի թերություններ կամ առավելություններ և այլն: Կարճ ասած՝ հավելվածը սպառողին կօգնի որոշում կայացնելու գործում: Նախատեսում եմ մինչև տարվա վերջ ավարտել և հասանելի դարձնել հավելվածը ինչպես «Google Play», այնպես էլ «App Store» հարթակներում:
Նախագիծս բիզնես ֆորումի շրջանակում բավական հաջող ներկայացրի, սակայն, ցավոք, հաղթել չհաջողվեց։ Ֆորումին մասնակցելու շնորհիվ ստացա համագործակցության առաջարկներ, ծանոթացա ոլորտի լավագույն մասնագետների հետ, որոնց խորհուրդները, վստահ եմ, կօգնեն գալիք մրցույթներում լավ արդյունքներ գրանցելու հարցում:
Համատեղելով կրթությունն ու աշխատանքը…
Ուսումնառությանը զուգահեռ՝ համակարգում եմ Երևանի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները. խմբավարներին տրամադրում եմ տեխնիկական և ծրագրային աջակցություն, հետևում լաբորատորիաների գործունեությանը: Որպես խմբավար՝ դասավանդում եմ Շիրակացու ճեմարանում: «Հայ ասպետ» դպրոցի «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցում սկսել եմ վարել խմբակ, որի շրջանակում դասավանդում եմ անօդաչու թռչող սարքերի ծրագրավորում, տեխնիկական սպասարկում և կառավարում: Այս ոլորտում զարգացնելով հմտություններս՝ որոշեցի սովորեցնել երեխաներին պատրաստել անօդաչու թռչող սարքեր, ծրագրավորել դրանք, տալ համապատասխան առաքելություններ: Ինքս ստեղծել եմ ուսումնական անօդաչուներ և փորձարկել: Ներկայում ունեմ աշակերտներ, որոնք մոտ 2-3 ամսից զորակոչվելու են բանակ և ծառայելու են համապատասխան ստորաբաժանումներում: Շատ կարևոր է, որ երեխաները փոքր տարիքից ծանոթանան ոլորտին և ապագայում դառնան որակյալ մասնագետներ, ինչը շատ կարևոր է մեր երկրի համար:
ԵՊՀ-ն իմ հաջողություններում…
Ամբողջ աշխատանքը եղել է տվյալների, դրանց հավաքագրման հետ․ այս հարցում էլ ինձ շատ է օգնել «Էկոնոմետրիկա» դասընթացը՝ ստեղծելու առավելապես ճշգրիտ աշխատող տվյալների բազա: Այս երեք տարիների ընթացքում ԵՊՀ-ում ստացել և շարունակում եմ ստանալ մասնագիտական բարձր որակներ, հմտություններ, գիտելիքներ, որոնք օգնում են ինձ հասնելու իմ նպատակներին, ինչպես նաև իմ կատարած աշխատանքների ճշգրիտ կառավարմանն ու կազմակերպմանը:
Այդ իսկ պատճառով իմ աշխատանքը պատկերացնում եմ միայն ՀՀ-ում և ուզում եմ գիտելիքս ծառայեցնել՝ ի նպաստ իմ երկրի զարգացման: Եթե յուրաքանչյուրս մեր ներդրումն ունենանք հայրենիքի զարգացման գործում, մենք կունենանք ամուր և հզոր պետություն: Որքան ուժեղ լինենք, տեխնոլոգիապես զարգացած, այնքան կարևոր տեղ կզբաղեցնենք աշխարհում:
Երազանքս…
Երազում եմ դառնալ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը, լինել լավ և պիտանի մարդ իմ պետության համար։ Ցանկություն ունեմ մասնագիտական որակներս և փորձս հետագայում ծառայեցնելու կրթական ոլորտի զարգացմանը, քանի որ կրթությունը պետության շարժիչ ուժն է, որն ազգին մղում է առաջընթացի և զարգացման։