Марта 11, 2025 | 12:21
Наука
Образование
Исследовательская работа
Забытые словарные пласты талышского языка. Учёный ЕГУ изучает словарный состав талышского языка
Забытые слова, неизученные диалекты и история, глубоко скрытая в языке. Сегодня североталышский язык находится на грани исчезновения, однако армянские ученые продолжают его изучать. Подобное исследование проводит доцент кафедры иранистики факультета востоковедения Ереванского государственного университета Акоп Авчян.

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել Հակոբ Ավչյանի «Հյուսիսային թալիշերենի բառապաշարը. բնիկ և փոխառյալ շերտեր (պատմահամեմատական ասպեկտ)» թեմայով հետազոտությունը, որը նպատակ ունի բացահայտելու այս լեզվի բառապաշարի բնիկ և փոխառյալ շերտերը՝ լույս սփռելով լեզվական փոխառնչությունների և լեզվի պատմական զարգացման վրա։ Ինչո՞ւ է թալիշերենը հայտնվել վտանգված լեզուների ցանկում, ի՞նչ գաղտնիքներ կարող է բացահայտել այդ լեզվի բառապաշարը, և ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած գիտական ուսումնասիրությունը։ Այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք Հակոբ Ավչյանի հետ։
– Պարո՛ն Ավչյան, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ուսումնասիրության թեմայի ընտրությունը։
– Թալիշերենն ուսումնասիրողների թիվն աշխարհում մեծ չէ, իսկ լեզվի բառապաշարը գրեթե չի հետազոտվել։ Թեև մոտ երկու դար շարունակ կատարվել են ուսումնասիրություններ, սակայն դրանք հիմնականում կենտրոնացած են եղել քերականական կառուցվածքի վրա։ Մինչ այս հրապարակված աշխատանքներում գրեթե չկան մանրամասն տվյալներ թալիշերենի բառապաշարի մասին։ Միակ բացառությունը Ադրբեջանում հրատարակված մի փոքրիկ հետազոտություն է, որը շատ մակերեսային պատկերացում է տալիս թեմայի վերաբերյալ։

– Ի՞նչ կարևորություն ունի այս հետազոտությունը իրանական լեզվաբանության համար։
– Թալիշերենը պատկանում է իրանական լեզվախմբին, ուստի դրա ուսումնասիրությունը ոչ միայն օգնում է հասկանալ այս լեզվի պատմությունը, այլև ցույց է տալիս նրա կապերը իրանական մյուս լեզուների հետ։ Մեր հետազոտության նպատակներից մեկն այն է, որ պարզենք, թե թալիշերենի բառապաշարի որ շերտերն են բնիկ, իսկ որոնք՝ փոխառյալ։ Հետագայում դա հնարավորություն կտա բացահայտելու, թե լեզուն ինչ առնչություններ է ունեցել այլ լեզուների հետ, ինչպես են մշակույթները փոխազդել միմյանց վրա։
– Ի՞նչ դժվարությունների եք բախվում հետազոտական այս աշխատանքը կատարելիս։
– Առաջին մարտահրավերը լեզվանյութին հասանելիության խնդիրն է։ Հյուսիսային թալիշերենով խոսում են հիմնականում Ադրբեջանի տարածքում, մասամբ՝ Իրանում։ Հասկանալի պատճառներով մենք չենք կարող հետազոտական աշխատանքներ կատարել Ադրբեջանում, սակայն Իրանի դեպքում նման խոչընդոտներ չկան։ Բարեբախտաբար, տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս կապ հաստատելու լեզվակիրների հետ նաև առցանց․ նույնիսկ մեր ամբիոնում հրատարակված թալիշերենի դասագրքի թալիշական բաժինը խմբագրվել է հենց Ադրբեջանում։
– Թալիշերենը համարվում է վտանգված լեզու։ Ի՞նչն է դրա հիմնական պատճառը։
– ՅՈՒՆԵՍԿՕ-ն թալիշերենը դասում է վտանգված լեզուների շարքում, ինչը հիմնականում Ադրբեջանի իշխանությունների վարած ասիմիլյացիոն քաղաքականության հետևանքն է։ Այնտեղ այս լեզվի ուսումնասիրությունն ու պահպանությունը խիստ սահմանափակված են։ Սակայն հարկ է ընդգծել, որ թալիշերենը դեռևս կենդանի լեզու է։ Թալիշները այն կիրառում են իրենց առօրյայում, այնպես որ լեզուն կորստյան եզրին չէ, բայց առանց գիտական ուսումնասիրության՝ վտանգն իրական է։

– Դուք նշեցիք, որ Հայաստանում թալիշերենի ուսումնասիրությունը շարունակվում է։ Որտե՞ղ և ինչպե՞ս է դա կատարվում։
– ԵՊՀ-ն այն եզակի կենտրոններից է, որտեղ ուսումնասիրվում և դասավանդվում է թալիշերեն։ Երբեմն ինձ են դիմում հենց թալիշները, որոնք զարմացած են, որ իրենց լեզուն ուսումնասիրվում է Հայաստանում։ Վերջերս մի թալիշ, շնորհակալություն հայտնելով ինձ, նշեց, որ անգամ իրենց երկրում լեզվի հետազոտությամբ գրեթե չեն զբաղվում։ Եթե նույնիսկ ինչ-որ աշխատանքներ են տարվում, դրանք հիմնականում բանաստեղծությունների կամ ոչ գիտական տեքստերի տեսքով են։
– Կներկայացնե՞ք հետազոտության ընթացակարգը։
– Հետազոտությունը բաղկացած է երկու փուլից։ Նախ հավաքելու ենք լեզվանյութեր, փորձելու ենք հասանելիություն ստանալ անհրաժեշտ աղբյուրներին, իսկ հետո կատարելու ենք դաշտային հետազոտություն, մասնավորապես՝ Իրանում։ Երկրորդ փուլում կենտրոնանալու ենք փոխառությունների վրա՝ պարզելու, թե որ լեզուներից են դրանք ներթափանցել, ինչ ժամանակահատվածում և ինչ գործոնների ազդեցությամբ։
– Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում ստանալ այս հետազոտությունից։
– Մեր ուսումնասիրությունը լույս կսփռի այն հարցի վրա, թե ինչպես է ձևավորվել թալիշերենի բառապաշարը։ Սա ոչ միայն թալիշերենի, այլև ընդհանուր իրանական լեզվաբանության համար կարևոր ներդրում կլինի։ Հուսով ենք, որ մեր աշխատանքը հիմք կդառնա հետագայում առավել ընդգրկուն հետազոտությունների համար։