- Главная
- Node
- Կարևորելով կրթական բարեփոխումները․ ԵՊՀ-ում անցկացվում է «ԷլԿԱՄՊՈՒՍ» նախագծի մեկնարկային համաժողովը
Февраля 12, 2025 | 16:10
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Կարևորելով կրթական բարեփոխումները․ ԵՊՀ-ում անցկացվում է «ԷլԿԱՄՊՈՒՍ» նախագծի մեկնարկային համաժողովը
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Erasmus+» ծրագրի «eCAMPUS» նախագծի համաժողովը։ «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ» խորագրով համաժողովի նպատակն է քննարկել և ներկայացնել հայաստանյան բուհերում սոցիալական հեռավորության պահպանման և կրթական համակարգում ներառականության բարձրացման գործընթացը, անդրադառնալ առցանց և թվային կրթության որակին առնչվող խնդիրների լուծմանը։
![](/sites/default/files/styles/large_slide/public/2025-02/01_6.jpg?h=02cb7f90&itok=xTZK9XX_)
«eCAMPUS» նախագծի իրականացումը կնպաստի ինչպես կրթական համակարգի բարելավմանը, այնպես էլ կրթության ոլորտում նորարարական լուծումների ներդրմանը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի համատեղել սոցիալական հեռավորության պահպանումը և ուսանողների ներառականության մակարդակի բարձրացումը:
Այս համաժողովը հնարավորություն կընձեռի հանրությանը ծանոթանալու «Erasmus+» ծրագրի ազդեցիկ և առաջատար գաղափարներին, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն Հայաստանում կրթական համակարգի զարգացման համար։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/14.jpg?itok=iGHlG4RM)
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, խոսելով բուհերում սոցիալական հեռավորության պահպանման մասին, նշեց, որ COVID-19 համավարակի պատճառով կրթության ոլորտում ստեղծվեցին նոր մարտահրավերներ՝ ստիպելով արագորեն անցնել հեռավար ուսուցման։ Սակայն այժմ առկա է հնարավորություն՝ օգտագործելու այդ ընթացքում ձեռք բերած փորձառությունը և զարգացնելու առավել դիմացկուն, ներառական և տեխնոլոգիապես հարուստ կրթական միջավայր։
«Մենք գիտակցում ենք, որ այս գործընթացի բանալին մեր դասախոսներն են։ Այդ իսկ պատճառով նախագծի թիրախներից մեկն էլ դասախոսական անձնակազմի թվային հմտությունների և կարողությունների զարգացմանը նպաստելն է՝ թվային կարողությունների համապարփակ շրջանակի ստեղծմամբ և թվային կրթության ազգային հավաստագրման ծրագրի ներդրմամբ։ Մենք հանձնառու ենք ստեղծելու հուսալի թվային կրթական էկոհամակարգ, որը կկարողանա դիմակայել ապագա մարտահրավերներին»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։
Անդրադառնալով նախագծի առանցքային մյուս բաղադրիչին՝ ներառականությանը՝ Հովհաննես Հովհաննիսյանը շեշտեց, որ նախագծի շրջանակում նախատեսվում է մշակել էլեկտրոնային ուսուցման կազմակերպման, բազմաբնույթ մեդիա հարթակների և խելացի դասասենյակների կառուցման չափանիշներ, որոնք կբարելավեն ուսանողների հավասար հասանելիությունը թվային ուսուցման ռեսուրսներին՝ ապահովելու միջազգային չափանիշներ առցանց կրթության ոլորտում։
Այս նախագիծը բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացմանն ուղղված չորս տարի տևողությամբ ու Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում առցանց ու թվային դասավանդման և ուսուցման որակի բարելավումն է։
Նախագծի երկարաժամկետ նպատակների, դրանց հասնելու համար կատարվող գործողությունների, ակնկալվող արդյունքների մասին խոսեց ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն, ծրագրի համակարգող Արմեն Բուդաղյանը։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/10_0.jpg?itok=-afcs25C)
«Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում առցանց դասավանդման, ուսումնառության և գնահատման (ԴՈՒԳ) որակի բարելավումը պետք է լինի 2021-2027 թթ. ԵՄ թվային կրթության գործողությունների պլանին համահունչ։ Սա ենթադրում է դասախոսական կազմի թվային հմտությունների և կարողությունների խթանում, ինչպես նաև առցանց ԴՈՒԳ-ի համար ներքին որակի ապահովման մեխանիզմների ներդրում։ Արտակարգ իրավիճակների պայմաններում իրականացվող հեռավար ուսուցումից պետք է անցնենք ավելի նպատակային, ներգրավող և կայուն հետքովիդյան համալսարանական (կամպուսային) կրթության»,- նշեց Արմեն Բուդաղյանը։
Նա հավելեց, որ այս նպատակները կապահովեն ճկուն և բարձրորակ կրթություն, որը պատրաստ կլինի դիմակայելու ապագա հնարավոր մարտահրավերներին՝ զարգացնելով կայուն թվային կրթության էկոհամակարգ, համապատասխան կարգավորող մեխանիզմներ, նորարարական կրթական պրակտիկաներ և մոդելային ենթակառուցվածքներ։
«eCAMPUS»-ի շրջանակում նախատեսված են հատուկ ծրագրեր և դասընթացներ, որոնք ուղղված են ինչպես սոցիալական հեռավորության պահպանմանը, այնպես էլ կրթական համակարգի ներգրավվածությանը՝ ներառելով մի շարք նորարարական ուսուցման ձևեր։
Առաջարկվում են նորարարական լուծումներ՝ կապված համընդհանուր հեռավար համակարգերի, ուսումնական ու տեխնոլոգիական հարթակների ստեղծման հետ, որոնք կապահովեն ավելի մրցունակ ու համախմբված կրթական միջավայր։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/09_2.jpg?itok=ezCWvQkg)
Այս նախագիծը էական ազդեցություն կունենա ինչպես կոնսորցիումի անդամ հաստատությունների, այնպես էլ ավելի լայն՝ ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային շրջանակների վրա։
Նախագծի արդյունքում ինստիտուցիոնալ մակարդակում Հայաստանի բարձրագույն կրթության հաստատություններից ավելի քան 120 դասախոսներ և վարչական աշխատակիցներ ձեռք կբերեն թվային դասավանդման, ուսուցման և գնահատման, ինչպես նաև որակի ապահովմանն ուղղված նոր հմտություններ և կարողություններ։ Բացի դրանից՝ կստեղծվի գործող ազգային հավաստագրման ծրագիր՝ թվային ԴՈՒԳ կիրառող աշխատակազմի մասնագիտական շարունակական զարգացումն ապահովելու համար։ Կստեղծվեն նաև տեխնոլոգիապես հագեցած ութ խելացի լսարաններ։
Ազգային մակարդակում նախագիծը կնպաստի թվային ԴՈՒԳ-ի համար նախատեսված թվային հմտությունների շրջանակի և ազգային հավաստագրման ծրագրի ներդրմանը։ Նախագծի շրջանակում կվերանայվեն թվային ԴՈՒԳ-ի համար որակի ներքին ապահովման չափորոշիչները, կմշակվեն բենչմարկինգի (համեմատական) չափորոշիչներ էլեկտրոնային ուսուցման մուլտիմեդիա հարթակների համար և կսահմանվեն ընդհանուր դասընթացների գրանցման և ուսանողների առաջընթացի էլեկտրոնային հարթակի ձևավորման պահանջները։
Իսկ եվրոպական մակարդակում նախագիծը կնպաստի լավագույն փորձի փոխանակմանը, գործընկերային ուսուցմանը և շահառուների միջև գործակցային կապերի ընդլայնմանը։
«eCAMPUS» նախագծում ընդգրկված են ոչ միայն հայաստանյան բուհեր, այլև արտերկրի տարբեր համալսարաններ (Մադրիդի ինքնավար համալսարան, Լիսաբոնի համալսարան, Ջենովայի համալսարան, Թագավորական տեխնիկական համալսարան), ինչը հնարավորություն է տալիս ստեղծելու փորձի փոխանակմանը և թվային կրթության ոլորտում համատեղ զարգացմանը նպաստող միջազգային համագործակցություն։
Նշենք, որ համաժողովը, որը համակարգում է ԵՊՀ որակի ապահովման կենտրոնը, կշարունակվի նաև փետրվարի 13-ին, Ռոբերտ Շումանի անվան դահլիճում (ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 2-րդ հարկ)։