- Գլխավոր
- Նորություններ
- Բազմամշակութային միջավայր, նորարարական մեթոդներ. ԵՊՀ ուսանողը՝ արտերկրում ուսումնառելու մասին
Փետրվար 12, 2025 | 12:20
Կրթական ծրագրեր
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Բազմամշակութային միջավայր, նորարարական մեթոդներ. ԵՊՀ ուսանողը՝ արտերկրում ուսումնառելու մասին
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Լիլիթ Սահակյանն օրերս է վերադարձել Երևան: Նա մեկ կիսամյակ ուսումը շարունակել է Գերմանիայի Լյուդվիգսհաֆենի բիզնեսի և հասարակայնության համալսարանում՝ ուսումնասիրելով «Մարքեթինգ», «Մարդկային ռեսուրսների կառավարում» և այլ առարկաներ: Լիլիթը «Հանրային կառավարում» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող է: Նա ընդգծում է, որ համեմատել է Գերմանիայի և Հայաստանի կառավարման մոտեցումները հանրային մի շարք ոլորտներում և ուսումնասիրության արդյունքները կարտացոլի իր ավարտական աշխատանքում:
![](/sites/default/files/styles/large_slide/public/2025-02/03_9.jpg?h=4ab84bb2&itok=SnQMWaDk)
Լիլիթ Սահակյանը պատմել է Գերմանիայի Լյուդվիգսհաֆենի բիզնեսի և հասարակայնության համալսարանում կիրառվող ուսումնական մեթոդի արդյունավետության, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցության կարևորության մասին:
Արտերկրի բուհում դասավանդման մեթոդը՝ թեման արդյունավետ յուրացնելու միջոց
Գերմանիայում ինձ շատ դուր եկավ ոչ ֆորմալ դասավանդման մեթոդը: Դասաժամին նախ ներկայացվում էր տվյալ օրվա կրթական ծրագրի տեսական մասը, այնուհետև հանձնարարվում տվյալ նյութի վերաբերյալ գործնական աշխատանք: Աշխատում էինք թիմերով ու կատարված աշխատանքը ներկայացնում դասախոսին: Խմբով աշխատելու մոտեցումը ուսանողներին հնարավորություն էր տալիս ավելի արագ բացահայտելու միմյանց, ինչպես նաև լսելու հանձնարարված նախագծին առնչվող տարբեր գաղափարներ, վերլուծելու ու զարգացնելու դրանք, իսկ ծագած հարցերն ուղղում էինք դասախոսին՝ նախագիծն ամբողջացնելու համար: Այս մեթոդն օգնում էր, որ հենց դասի ժամանակ յուրացնեինք տվյալ օրվա թեման, քանի որ տեսական նյութից ստացած գիտելիքները կիրառում էինք նաև գործնականում: Կարծում եմ, որ դասավանդման այս մեթոդն ավելի արդյունավետ է, քան 90 րոպե դասախոսություն լսելը:
Շատ առարկաների դեպքում ենք ունեցել պարտադիր թիմային աշխատանք, հիմնական դասավանդման մեթոդիկան այսպիսինն էր:
Ինչ վերաբերում է դասախոսների գիտելիքներին, պետք է նշեմ, որ Լյուդվիգսհաֆենի բիզնեսի և հասարակայնության համալսարանում ինձ դասավանդած դասախոսները իրենց ոլորտում շատ լավ մասնագետներ են, իսկ ԵՊՀ դասախոսները, բացի իրենց մասնագիտական տիրույթից, ունեն նաև շատ խորքային գիտելիքներ այլ թեմաներից:
Երկու երկրներում էլ ունեմ այնպիսի դասախոսներ, որոնց հետ կապը պահպանվում է։ Նրանցից միշտ կարող եմ ստանալ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/02_6.jpg?itok=SXKsxnaG)
Դասաժամեր՝ առանց ընդմիջումների
ԵՊՀ-ում ուսանողները դասի են գնում շաբաթը 5 օր և օրական ունենում են 4-5 դասաժամ, իսկ Լյուդվիգսհաֆենի բիզնեսի և հասարակայնության համալսարանում լինում էին օրեր, որ ես որևէ առարկայից որևէ դասաժամ չունեի։ Օրեր էլ կային, որ ընդամենը մեկ առարկա ունեինք: Ընդհանրապես, յուրաքանչյուր առարկայից շաբաթական մեկ ակադեմիական ժամ ունեինք, սակայն դրանք տևում էին 90 րոպե և անցկացվում էին առանց ընդմիջումների: Իմ ընտրած առարկաների պարապմունքները կազմակերպվում էին կա՛մ լսարանային պայմաններում, կա՛մ հեռավար տարբերակով:
Մասնավորապես՝ մեծ հետաքրքրություն էր ներկայացնում «Case studies and business projects» առարկան, որի մեկնարկի օրը միայն դասախոսի հետ հանդիպում ունեցանք, ընտրեցինք թիմ ու այն կազմակերպությունը, որի ուղղությամբ աշխատելու ենք։ Այնուհետև սկսեցինք աշխատել թիմով ու երկու ամիս շարունակ հանդիպումներ էինք ունենում թիմի անդամների հետ առանց դասախոսի։ Յուրաքանչյուրս կատարում էինք մեր բաժին աշխատանքը, կազմում հաշվետվություններ՝ կատարված աշխատանքի վերաբերյալ: Դասախոսի հետ հերթական, այսինքն՝ երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ վերջին դասի ժամանակ, որի ընթացքում ներկայացրինք երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքի հաշվետվությունը:
Բազմամշակութային միջավայր, նոր բացահայտումներ
Լյուդվիգսհաֆենի բիզնեսի և հասարակայնության համալսարանում սովորող ուսանողները տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին, այդ թվում՝ ճապոնացի, ռումինացի, կորեացի, չինացի, թուրք: Ես բավական հաճախ շփվում էի տարբեր ազգերի ուսանողների հետ, փորձում էի հասկանալ՝ արդյոք ունեն այնպիսի դրական կողմեր այլ մշակույթ կրող մարդիկ, որոնք չունենք մենք, և հակառակը: Բազմամշակութային միջավայրն օգնում է մարդուն լինել ավելի հանդուրժող, ավելի նրբանկատ ու, ամենակարևորը, հավասար մոտեցում ունենալ մարդկանց նկատմամբ՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից, կրոնից:
ԵՊՀ-ում դասավանդվող առարկաների շրջանակում ես սովորել էի նաև տարբեր ազգերի հետ բանակցություններ վարելու հմտությունները, ինչպես նաև ուսումնասիրել էի, թե, օրինակ, ինչպես են ճապոնացիները սիրում ուտել, եվրոպացիները՝ որևէ հարցի շուրջ քննարկումներ ծավալել և այլն: Այս թեման ինձ համար ավելի կիրառելի ու հասկանալի դարձավ, երբ սկսեցի շփվել տարբեր ազգերի հետ: Կարծում եմ, որ տարբեր մշակույթներ կրող մարդկանց հետ շփվելու փորձառությունս օգտակար կլինի նաև, երբ որևէ միջազգային կազմակերպությունում աշխատեմ:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/04_6.jpg?itok=O2Xej66m)
Քայլեր, որոնք նպաստեցին հասնելու Գերմանիա
Արտերկրում ուսումս շարունակելու համար կարևորվել են և՛ առաջադիմությունը, և՛ անգլերենի իմացությունը (այդ թվում՝ խոսակցական մակարդակը), և՛ ոգեշնչումը, ինչպես նաև «էրազմուս+»-ի ծրագրերին մասնակցությունս:
Վեց ամիսները, որոնք անցկացրի Գերմանիայում, ինձ համար համեմատությունների ամիսներ էին։ Ես անընդհատ համեմատել եմ երկու համալսարանները, երկու երկրները: Ինչ վերաբերում է Հայաստանում ու Գերմանիայիում ուսանողական կյանքին, ապա նշեմ, որ Գերմանիայում ես կարծես հետազոտող լինեի․ գնում էի համալսարան, ուսումնասիրում իմ ընտրած առարկաներն ու վերադառնում տուն։ Մինչդեռ ԵՊՀ-ում ուսանողական կյանքը, միջանձնային հարաբերություններն այնքան ջերմ են նույնիսկ դասերից դուրս, որ լինելով եվրոպական առաջատար բուհերից մեկի ուսանող՝ ես, այնուամենայնիվ, կարոտում էի թե՛ Երևանին, թե՛ ԵՊՀ-ին: