- Главная
- Node
- «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐԸ» ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Октября 26, 2018 | 13:15
Մշակույթ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐԸ» ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում բեմադրվեց «Հայկական էսքիզներ» ներկայացումը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության, Մայիսյան հերոսամարտերի-100 և Էրեբունի-Երևան 2800-ամյակներին:
«Հայկական էսքիզներ» ներկայացման հիմքում Վարդգես Պետրոսյանի համանուն ստեղծագործությունն է: Հեղինակն այն անվանել է էսսե - վիպակ:
Ստեղծագործության կենտրոնում հայ ժողովուրդն է՝ իր անցած ճանապարհով:
Բեմադրության սցենարի հեղինակները ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և Անի Միքայելյանն են, բեմադրող ռեժիսորը՝ Կարինե Դավթյանը, հագուստների ձևավորումն իրականացրել էր Լիլիթ Մելիքյանը, իսկ դերերում ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանականներ» թատրոն - ստուդիայի սաներն էին:
Ներկայացմանը ներկա էին Վարդգես Պետրոսյանի ընտանիքը, ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Նելլի Թիրաբյանը, Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) մայրը՝ Զարիկ մայրիկը, «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանը:
Բեմադրության սցենարի հեղինակ և ռեժիսոր Կարինե Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Հայկական էսքիզները» պատահական չէ ընտրված: «Երկար ժամանակ մտածում էի, թե որ ստեղծագործությունն է լավագույնս արտահայտելու հայ ժողովրդի հավաքական կերպարն ու անցած ճանապարհը: Եվ վերջապես, երկու տարվա որոնումների արդյունքն եղավ «Հայկական էսքիզները»», - նշեց Կարինե Դավթյանը:
Ներկայացումն աչքի ընկավ նաև խորհրդանշական պատկերներով՝ ծիրանի ծառ, 12 հերոսներ, 3 բաժանում՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, կերպարային խորհրդանշական շղթա:
Ներկայացման մեջ յուրահատուկ տեղ ուներ հայ կնոջ առինքնող ու պայքարող կերպարը: «Հայ ժողովուրդը չի ստորադասել կնոջը տղամարդուց. «Առյուծն առյուծ է՝ էղնի էգ, թե որձ»: Կանայք տղամարդկանց հետ հավասար մեկնել են ռազմադաշտ, զենքը ձեռքին կռիվ տվել», - ոգևորությամբ և հպարտությամբ նշեց Կ. Դավթյանը:
«Ստեղծագործությունը թե՛ որպես պիես, թե՛ որպես բեմադրություն բարդ կառուցվածք ունի, ուստի շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին մեր գաղափարների իրագործմանը», - հավելեց նա:
Հանդիսատեսը տպավորվեց ներկայացմամբ: Բուռն ծափերից հետո շնորհակալական խոսքով հանդես եկան Վարդգես Պետրոսյանի կինը՝ Էմմա Պետրոսյանը, Դուշման Վարդանի մայրը՝ Զարիկ մայրիկը, ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը:
Բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը նկատեց, որ ներկայացումը կերպավորեց հեղինակի՝ Վարդգես Պետրոսյանի մտորումները, կեցվածքը, հայացքը. «Այնքան իրական և ազդեցիկ էր այս ներկայացումը, որ ինձ թվաց ՝ Վարդգես Պետրոսյանն այստեղ է» :
Մուրադյանն ընդգծեց, որ ԵՊՀ մշակույթի կենտրոնը, կարևորը յուրացնելով, կարողացել էր գտնել ասելիքը հանդիսատեսին հրամցնելու կերպը. «Ես գնալու եմ Արցախ և զինվորներին պատմելու եմ, թե ինչպես է Երևանի պետական համալսարանն անշեջ պահում հայ ոգու կրակը. այստեղ են ծնվել բոլոր մեծ գաղափարները, այստեղ են ճշտվել բոլոր ծրագրերը, այստեղից են ռազմադաշտ մեկնել մեր որդիները»:
ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանի համար այս ներկայացումը կարևոր դաս էր. «Դերերը կերտած ուսանողները այսօր ինձ տվեցին կարևորագույն դաս. այն է՝ չի կարելի շեղվել բարձր արժեքներից» :
Անգին Խաչատրյան