Ս․թ․ սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում» տեղի ունեցավ Դոնի Ռոստով, Շախտի, Նովոչերկասկ քաղաքներում մասնագիտական պրակտիկա անցած ուսանողների վկայականների հանձնման արարողությունը։
Վկայականներ ստացան «Կովկասագիտություն» մասնագիտության այն ուսանողները, որոնք ամռանը մասնագիտական հաջող պրակտիկա են անցել Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանում, Շախտի քաղաքի Հայկական կրթամշակութային «Անդրանիկ» կենտրոնում, Նովոչերկասկ քաղաքի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հայորդյաց տանը և համայնքային կիրակնօրյա դպրոցներում:
Պատմության ֆակուլտետի դեկան, պ․գ․դ․, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, շնորհավորելով ուսանողներին, կարևորեց հայոց պատմության դասավանդումը համայնքային դպրոցներում։
«Նման միջոցառումները նպաստում են հայապահպանությանը և հուսով ենք, որ այսօրինակ պրակտիկաների անցկացումը կլինի շարունակական»-, նշեց ֆակուլտետի դեկանը։
Ուսանողներին ողջունեց նաև «Կովկասագիտություն» կրթական ծրագրի ղեկավար, պ․գ․թ․, դոցենտ Էդուարդ Զոհրաբյանը։ Վերջինս շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և համայնքային գրասենյակների գործընկերներին՝ նշելով, որ ուսանողների համար սա կարևոր փորձառություն էր, որը կնպաստի մասնագիտական գիտելիքների հարստացմանը։
Հարավային դաշնային համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վահագն Ասրյանը, խոսելով պրակտիկայի մտահղացման մասին, նշեց․ «Երևանի պետական համալսարանի և Ռոստովի Հարավային դաշնային համալսարանի միջև պայմանագիր ստորագրելուց հետո միտք ծագեց կազմակերպելու պրակտիկա, որն ավելի ամրապնդեց համագործակցությունը»։
Պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գրետա Մարտիրոսյանն ընդգծեց․ «Հատկապես հետաքրքիր էր տեղում ծանոթանալ կովկասյան ժողովուրդների մշակութային առանձնահատկություններին։ Ռոստովի Հարավային դաշնային համալսարանում ծանոթացանք մի շարք օտարազգի ուսանողների հետ, որոնք հետաքրքրված էին Հայաստանի պատմությամբ և խոսում էին հայերեն»։
Պրակտիկայի մասնակիցներից Կարոլին Սարյանը պատմեց, որ 7-18 տարեկան հայազգի աշակերտները, չնայած լեզվական դժվարություններին, ակտիվ մասնակցել են դասերին։ Կարոլինը նշեց․ «Թեև դասերն արդեն անցկացվում են առցանց տիրույթում, սակայն մասնակիցները շարունակում են բարձր ակտիվություն ցուցաբերել»։
Միջոցառման վերջում հնչեցին շնորհավորանքներ և շնորհակալական խոսքեր։