The Institute of Humanities Research
The Institute of Humanities Research (RIH) detects, investigates, analyzes and evaluates diverse questions in its periodical publications and articles in the fields of Religious Studies, Archeology, Ethnology, Anthropology, British Literature, Philosophy of History, Georgian Studies and from an academic-practical viewpoint. The Institute of Humanities Research creates creates a special platform for interdisciplinary research with numerous possibilities for
diverse studies. It encourages the attainment of interdisciplinary investigations and the publications of their outcomes. It supports scholars in the fields of Humanities in the process of publishing and releasing. It shows professional support to the public organizations and institutions for gaining and amplifying the actual expertise. Besides that, the institute detects existing social issues from all mentioned fields in regard to local and regional challenges, and explores the tools and mechanisms for overcoming them.
Structure
Միջմշակութային կրոնագիտական կենտրոն
Միջմշակութային կրոնագիտական կենտրոնը պարբերական հրատարակությունների ու հոդվածների միջոցով գիտապրակտիկ տեսանկյունից վեր է հանում, ուսումնասիրում, վերլուծում և արժևորում կրոնի մարդաբանությանը, կրոնի հոգեբանությանը, կրոնի ֆենոմենոլոգիային, կրոնի սոցիոլոգիային և կրոնների պատմությանն առնչվող հացեր: Միջմշակութային կրոնագիտական կենտրոնը ստեղծում է միջգիտաճյուղային կրոնագիտական հետազոտությունների հարթակ՝ տարաբնույթ հետազոտությունների իրականացման նպատակով, նպաստում է միջգիտաճյուղային կրոնագիտական հետազոտությունների կատարմանն ու արդյունքների հրապարակայնացմանը, աջակցում է ոլորտում առկա հետազոտողներին` իրենց աշխատանքները հրապարակելու ու հանրայնացնելու գործում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերում հանրային տարբեր կառույցներին ու ինստիտուտներին՝ կրոնի ոլորտի փորձագիտական գիտելիքների ձեռքբերման ու տարածման համար, կրոնագիտական տեսանկյունից վեր է հանում այս ոլորտում առկա խնդիրները, տեղական ու տարածաշրջանային սպառնալիքները, դրանց դիմագրավելու գործիքներն ու մեխանիզմները, ձևավորում է միջգիտաճյուղային կրոնագիտական հետազոտությունների մշակույթ, որը հիմք է դառնում նորանոր հետազոտությունների ու նոր գաղափարների առաջացման:
Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա
Վերջին տասնամյակների ընթացքում նորագույն մեթոդների վրա հիմնված հնագիտական հետազոտությունները ՀՀ տարածքում հեղաշրջիչ դեր ունեցան մեր երկրի հնագույն պատմության վերակազմության գործում: Որակապես և քանակապես հարստացած աղբյուրագիտական հենքի շնորհիվ հնարավոր դարձավ նորովի մեկնաբանել հայ ժողովրդի հնագույն պատմության բազմաթիվ հարցեր: Այս համատեքստում ներկայացված թեմայի շրջանակում իրականացվում է Հայաստանի հնագիտական հուշարձանների և հնալանդշաֆտի ուսումնասիրություն, որը ներառում է դաշտային աշխատանքները, նյութի լաբորատոր մշակումը, չափագրումը և հրապարակումը: Լաբորատորիայի աշխատանքները ծավալվում են հետևյալ հիմնական ուղղություններով. Հայաստանի տարածքի բնակեցումը և դրա փուլերը, Հայաստանի տարածքում վաղ երկրագործական մշակույթի առաջացումը և տարածումը, Հայաստանի մեգալիթյան և կոթողային հուշարձանների առաջացումը և էվոլյուցիան, Հայաստանում հին և միջնադարյան քաղաքակրթական միավորների առաջացումը և զարգացումը, թանգարանային նյութի մոնիթորինգ և հանրայնացում:
Ազգագրական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիա
Ազգագրական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիայի հիմնական խնդիրը ինչպես ավանդական ազգաբանական, այնպես էլ արդի մարդաբանական տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրությունն է։ Մի կողմից՝ արդիական ու կարևոր են հայոց ավանդական մշակույթի ուսումնասիրությունները նոր մոտեցմամբ, տեսական-մեթոդաբանական վերջին մշակումների կիրառմամբ, մյուս կողմից՝ ավելի կարևոր են դառնում ինքնության, սոցիալ-մշակութային փոխակերպումներով պայմանավորված զարգացումների, պատերազմի և էթնիկ հակամարտությունների մարդաբանական ուսումնասիրության ու բազմաթիվ այլ խնդիրները։ Առանձնացված և այլ խնդիրների մարդաբանական ուսումնասիրությունը կարևոր է հատկապես արդի փուլում, երբ Հայաստանի Հանրապետությունն ու հայ հասարակությունը կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարումը պահանջում է համալիր մոտեցումներ ու լուծումներ։ Ազգագրական և մարդաբանական խնդիրների այս շրջանակն է առանձնացվում որպես լաբորատորիայի հետազոտական հարցադրումների հիմնական շրջանակ։ Հետազոտությունների արդյունքները լինելու են ոչ միայն ակադեմիական, այլ կիրառական և ներառվելու են կրթական դասընթացներում, նպաստելու են ուսանողների հետազոտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը։
Բրիտանական գրականության և լեզվամշակույթի ուսումնասիրության խումբ
Բրիտանական գրականության և լեզվամշակույթի ուսումնասիրության խումբը հիմնադրվել է 2017 թվականին: Գիտական գործունեությունը խումբը ծավալում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է իրականացնել բրիտանական գրականության և մշակույթի համալիր հետազոտություններ՝ շեշտադրելով բրիտանական ինքնության մեջ արտացոլված ազգային ինքնության հասկացությունը և քննության առարկա դարձնելով ազգային մշակույթով պայմանավորված տարրերը: Լայն իմաստով ծրագրի նպատակն է զարգացնել Մեծ Բրիտանիայի տարածաշրջանային լեզուների, մշակույթների և բրիտանական գրականության հանդեպ առավել մեծ գիտական հետաքրքրություն, ինչպես նաև Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի ուսանողներին ծանոթացնել բրիտանական մշակույթին և գրականությանը` միաժամանակ ընդլայնելով ամբիոնի հետազոտական ծրագիրը: Ծրագրի մեկնարկային ուղղություն ընտրված է շոտլանդական մշակույթը՝ որպես եվրոպական մշակույթի ինքնատիպ և դինամիկ զարգացող ոլորտ: Կատարված հետազոտությունների արդյունքներն ամփոփվում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, ինչպես նաև ներկայացվում են միջազգային գիտաժողովներում:
Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիա
Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիան հետազոտական կենտրոն է, որի ուշադրության առանցքը պատմության գաղափարն է, պատմության վերամտածման ու վերաշարադրման հնարավորությունը, պատմական մեթոդների կիրառման հորիզոնները։ Լաբորատորիան առաջիկա տարիներին հետազոտելու է արդիականացման հայկական հարացույցները՝ խնդիր դնելով նոր շերտեր բացահայտելու 19-20-րդ դարերի պատմության, մասնավորապես հայոց պատմության մեջ։ Լաբորատորիան ղեկավարում է Տուրկուի համալսարանի (Ֆինլանդիա) պրոֆեսոր Կալլե Փիհլայնենը, համաղեկավարը ԵՊՀ դոցենտ Դավիթ Մոսինյանն է։ Լաբորատորիան նպաստում է ժամանակակից գիտական դիսկուրսի զարգացմանը՝ հարթակ առաջարկելով նորարարական մտածողության և պատմական նոր մեթոդաբանությունների հետազոտման համար:
Վրացագիտության կենտրոն
Հայագիտության՝ որպես գերակա ուղղության համակողմանի զարգացումն ու ինտեգրումը միջազգային գիտական միջավայր, հնարավոր չէ առանց տարածաշրջանային, այդ թվում՝ վրացագիտության համալիր հետազոտությունների։ Այդ առումով ԵՊՀ վրացագիտության կենտրոնը ունի նշանակալի և ինքնատիպ առաքելություն։ Կենտրոնի կրթագիտական և հետազոտական գործունեության կարևորությունը ու անհրաժեշտությունը պայմանավորված է հայ-վրացական դարավոր պատմամշակութային, էթնոքաղաքական փախառնչությունների ու փոխազդեցությունների հարուստ փորձի գնահատմամբ, այդ ժառանգության վերաարժևորմամբ։ Կովկասյան բազմէթնիկ տարածաշրջանի քաղաքակրթական մշակութային ժառանգության պահպանման խնդիրն ունի արդիական նշանակություն։ Այն պայմանավորված է նաև տարածաշրջանային երկրների փոխհարաբերություններում, անվտանգային հիմնախնդիրների համատեքստում, հիշյալ մշակութային ժառանգության արծարծմամբ այդ երկրների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու նպատակով փոխլրացման հենքին խարսխված հնարավոր սցենարների մշակմամբ։
Հայերենագիտական հետազոտությունների լաբորատորիա
Լաբորատորիայի նպատակը հայերենի բառամթերքի համապարփակ նկարագրությունն է՝ ըստ բառիմաստային խմբերի՝ ֆիզիկական աշխարհ (լանդշաֆտ, կենդանիներ, բույսեր, եղանակ, գույներ ևն) և մշակույթ (արհեստ, հավատալիքներ ևն), հնդեվրոպական նախահայրենիքի, Առաջավոր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի առնչակցության համատեքստում և հայոց լեզվի զարգացման բոլոր փուլերում՝ հնդեվրոպական ակունքներից (մ․թ․ա․ շուրջ IV հազարամյակ) մինչև արդի բարբառներ։ Հնդեվրոպական տրոհումից հետո վաղնջահայերենի կրողները տեղի ոչ հնդեվրոպական լեզուներից փոխառել են ենթաշերտային բազմաթիվ բառեր: Այս նախապատմական փուլերին հաջորդել են պատմական հին ու նոր շրջանները, երբ հայերենը լեզվական առնչություններ է ունեցել կովկասյան, անատոլիական, խուռա-ուրարտական, սեմական, իրանական և այլ լեզուների հետ։ Լաբորատորիան հայերենի բառամթերքը քննելու է բնիկ հայկական և փոխառյալ բառախմբերի բազմաշերտ փոխհարաբերությունների համատեքստում։ Իմաստախմբերի քննություններն ամփոփվելու են տեղեկատվական մեծ ընդգրկման և գունային տարբերակման աղյուսակներով ու այլ պատկերներով։ Հետազոտությունների արդյունքները հրատարակվելու են գիտական հոդվածների և մենագրությունների տեսքով: