Ս․թ․ դեկտեմբերի 13-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ներկայացրեց զեկուցում՝ «Հորդանանի նորահայտ հայերեն արձանագրությունները» խորագրով։
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի և Ֆլորենցիայի համալսարանի միջնադարյան հնագիտության բաժնի համագործակցությունը շուրջ 10 տարվա պատմություն ունի։ Գործակցության շրջանակում կատարվել է Մետաքսի ճանապարհի Վայոց ձորի հատվածի հետազոտությունը։ Վերջին երեք տարիներին հայ-իտալական արշավախումբը համատեղ պեղումներ է անում Դվինում։ Շարունակվող համագործակցության շրջանակում Հ․ Պետրոսյանը ս.թ․ նոյեմբերի 23-30-ը աշխատանքային այցով եղել է Հորդանանում և մասնակցել Շոուբակի արշավախմբի հնագիտական հետազոտություններին։ Գործուղման ժամանակ Հ․ Պետրոսյանը ծանոթացել է 12-րդ դարի եկեղեցու բակում գտնված հայերեն արձանագրություններին, ուսումնասիրել է հայտնաբերման հանգամանքները, լուսանկարել և նկարագրել պեղումների այդ հատվածը։
Ներկայացնելով գործուղման ընթացքում կատարված հետազոտությունների արդյունքները՝ Հ․ Պետրոսյանը նշեց, որ Շոուբակի հնագիտական պեղումներն ուղղված են խաչակրաց մշակույթի խոր ուսումնասիրությանը, չնայած՝ հետազոտությունները ցույց են տվել, որ այդտեղ կան մշակութային բազմաթիվ շերտեր։
Անդրադառնալով հայերեն արձանագրություններին՝ Հ․ Պետրոսյանը փաստեց, որ դրանք փորագրված են ավազաքարե սալերի վրա։ Սալերի եզրամասերը հնարավորություն են տալիս ենթադրելու, որ դրանք պատկանել են ավելի մեծ սալի։ Բացի դրանից՝ տեխնիկական տվյալները ցույց են տալիս, որ արձանագրությունները նույն ժամանակահատվածում են գրվել։ Արձանագրությունները կատարված են շրջանակի մեջ, ինչը հատուկ է հիշատակություններին։
Չբացառելով արձանագրությունների՝ ավելի վաղ թվագրումը՝ Հ․ Պետրոսյանը նշեց, որ արձանագրությունները վերագրվում են 17-18-րդ դարերին։ Հ․ Պետրոսյանն ընդգծեց, որ ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ թեև արձանագրությունները չեն կարող տապանաքարի կամ բացօթյա որևէ կոթողի մաս լինել, սակայն չի բացառվում, որ դրանք գերեզմանոցի սրբարանի պատի քարեր են:
Դասախոսության վերջում Հ․ Պետրոսյանը նշեց, որ հետազոտության արդյունքները մշակման փուլում են, և ինքը պատրաստում է հայերեն արձանագրությունների վերլուծության գիտական հրատարակությունը։
Հավելենք, որ Հ․ Պետրոսյանի մասնակցությունը Հորդանանում Շոուբակի արշավախմբի հնագիտական հետազոտություններին եզակի է իր բնույթով, քանի որ հնագիտական աշխատանքներն օտարերկրյա գործընկերների հետ սովորաբար անցկացվում են հայաստանյան հուշարձաններում։