Ս.թ․ հոկտեմբերի 4-5-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Ժակ Մանուկյանը մասնակցել է «Միջազգային հարաբերությունները գլոբալ անորոշության իրավիճակներում. ինքնիշխանության և ինտեգրացիայի միջև» խորագրով համառուսաստանյան գիտաժողովին, որի կազմակերպիչն էր Հարավային դաշնային համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը (ք․ Դոնի Ռոստով)։
Գիտաժողովի լիագումար նիստին պ.գ.թ., դոցենտ Ժակ Մանուկյանը ներկայացրել է «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում. մարտահրավերները և հեռանկարները» թեմայով զեկուցում։
Իր ելույթում նա անդրադարձել է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների դանդաղեցման կամ ձախողման պատճառներին, հետխորհրդային տարածքի պետությունների մոտեցումերին, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում ընթացող ինտեգրացիայի հարցերին։ Նա ներկայացրել է նաև միջազգային հարաբերություններում ընթացող գլոբալ փոփոխությունները և դրանց ունեցած ազդեցությունը հետխորհրդային տարածքում տեղի ունեցած զարգացումների վրա։
Գիտաժողովը հնարավորություն տվեց Հարավային դաշնային համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի արտասահմանյան պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Ռադմիլա Այիրիյանի և «Ռուսաստան, Ասիա, և Եվրոպա․ տրանսազգային հարաբերություններ» մագիստրոսական ծրագրի ղեկավար, ծրագրերի և միջազգային համագործակցության գծով տնօրեն Օքսանա Կորնաուխովայի հետ քննարկելու համատեղ հետաքրքրություն ներկայացնող գիտական և կրթական ոլորտի համագործակցության հարցեր։