Ս.թ. հոկտեմբերի 13-ին ԵՊՀ գիտական խորհուրդը գումարել է արտահերթ նիստ՝ օրակարգային հինգ հարցով։ ԳԽ-ն ընտրել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության, պատմության, ռուս բանասիրության, կենսաբանության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկաններին։ Հրավիրված նիստի սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կատարած աշխատանքի ու ֆակուլտետների զարգացման գործում ունեցած ավանդի համար շնորհակալություն հայտնեց ստորաբաժանումների նախկին ղեկավարներին։ Համապատասխան ֆակուլտետների դեկաններ ընտրվեցին Սարգիս Քելյանը, Մխիթար Գաբրիելյանը, Դիանա Գազարովան, Կարեն Ղազարյանն ու Տիգրան Եփրեմյանը։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նորընտիր դեկան Տիգրան Եփրեմյանը պատմական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Տիգրան Եփրեմյանը բակալավրի և մագիստրոսի որակավորում է ստացել ԵՊՀ պատմության ֆակուլտետում, որտեղ և շարունակել է ուսումը որպես ասպիրանտ և պաշտպանել «Հուգո Գրոտիուս. պատմական կարգի նոր հարացույցի ձևավորումը Եվրոպայում (17-րդ դարի կես–19-րդ դարի սկիզբ)» թեմայով ատենախոսությունը։ Տ․ Եփրեմյանն ուսանել է նաև Էստոնիայի դիվանագիտական դպրոցում։
Տ․ Եփրեմյանը դասավանդել է Քուվեյթի՝ Միջին Արևելքի ամերիկյան համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում, կատարել հետազոտություններ Արիզոնայի պետական համալսարանում (ԱՄՆ), Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտում, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանում, ինչպես նաև կատարել փորձագիտական աշխատանք Եվրոպայի խորհրդում ու «ԱՅԲ» կրթական հիմնադրամում։ Հեղինակ է ավելի քան երեք տասնյակ գիտական աշխատանքների:
Ս.թ․ մայիսից Տիգրան Եփրեմյանը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարն էր: