- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԵԼՈՒ Է ԲՈԼՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
September 04, 2020 | 15:25
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԵԼՈՒ Է ԲՈԼՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
«Erasmus +» ծրագրի շրջանակում 2020 թվականի փետրվարից մեկնարկել է «Armdoct» եռամյա նախագիծը, որն ուղղված է Հայաստանում կրթական երրորդ աստիճանի բարեփոխմանը:
«Armdoct» նախագիծը նպատակ ունի բարեփոխելու ՀՀ ասպիրանտական կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով Զալցբուրգյան սկզբունքներին, ինչը ենթադրում է ռազմավարության, իրավական դաշտի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի փոփոխություններ:
Նախագծին անդամակցում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ԵՄ երկրների (Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, Լիտվա) չորս և Հայաստանի ութ բուհեր, ինչպես նաև Հայաստանի գիտահետազոտական երկու ինստիտուտներ:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը նշեց, որ նախագծի մեկնարկը տեղի է ունեցել փետրվարի 4-ին, երբ բոլոր գործընկերների մասնակցությամբ իրականացվել է աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են ծրագրի տեսլականը և նախատեսվող քայլերը:
«Հուլիսի 15-17-ն էլ տեղի է ունեցել առցանց գիտաժողով, որի ընթացքում եվրոպական գործընկերները ներկայացրել են իրենց փորձը և մատնանշել խնդիրները, որոնց հնարավոր է բախվել բարեփոխման գործընթացն իրականացնելիս»,- ասաց Երանուհի Մանուկյանը:
Նրա խոսքով, գլխավոր խնդիրներից մեկը կրթություն-աշխատաշուկա հարաբերությունների համապատասխանության ապահովումն է. «Ասպիրանտական թեմաներ հաստատելիս պետք է կարևորություն տալ ոչ միայն դրանց արդիականությանը, այլև աշխատաշուկայում համարժեք կիրառմանը: Այսինքն՝ ասպիրանտական թեման պետք է պահանջարկ ունենա աշխատաշուկայում»:
Այս ընթացքում, Գիտական քաղաքականության վարչության պետի տեղեկացմամբ, արձանագրվել են ոլորտի վերաբերյալ օրենսդրությունը, առկա իրավիճակը, խնդիրները և դրանց հնարավոր լուծումները. «Նախագծին անդամակցող բոլոր բուհերն իրականացրել են իրենց հետազոտությունները, այդ թվում՝ ԵՊՀ-ն»:
«ԵՊՀ-ի վերաբերյալ հետազոտության համար հիմք է հանդիսացել հետադարձ կապի միջոցով ասպիրանտներից հավաքագրված տեղեկատվությունը: Ըստ նրանց՝ խնդրահարույց են փաստաթղթաշրջանառության ոչ արդիականությունը, հոդվածների հրապարակման դժվարությունները, որոշ դասընթացների անարդյունավետությունը, կրկնությունները և այլն»,- փաստեց Երանուհի Մանուկյանը:
Նրա հավաստմամբ, 30 էջից կազմված հետազոտությունում ներառել են մատնանշված բոլոր խնդիրները և այն արդեն ուղարկել ծրագրի համակարգող խմբին:
Երանուհի Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ «Armdoct» նախագծի շրջանակում նախատեսվում է նաև ԵՊՀ-ում բացել հետազոտական լսարան, որը լինելու է ասպիրանտի աշխատանքային տարածքը՝ համապատասխան գույքով և տեխնիկական սարքավորումներով, որոնց համար արդեն հայտարարվել է մրցույթ:
«Բացի դրանից՝ կստեղծվեն ձեռնարկներ, պարբերաբար կկազմակերպվեն թրեյնինգներ, որպեսզի ասպիրանտներն իրականացնեն արդյունավետ գործունեություն: Ամեն ինչ կարվի, որ նրանք իրենց ատենախոսության թեմաների և ինստիտուցիոնալ կառույցների հետ խնդիրներ չունենան ու իրենց հետազոտություններն ի նպաստ ծառայեցնեն թե՛ իրենց գիտական հետաքրքրություններին, թե՛ աշխատաշուկային»,- ասաց Երանուհի Մանուկյանը:
Նրա խոսքով, որպես նախագծի վերջնարդյունք՝ նախատեսվում է, որ 2023 թվականին ԵՊՀ-ում կրթական երրորդ աստիճանը համապատասխանեցվելու է Բոլոնյան համակարգին, ինչը մի շարք հնարավորություններ է ընձեռելու հետազոտողներին:
Քնար Միսակյան