- Main
- Node
- ՄԵԴԻԱ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎՈՒՆՔ. ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ
January 25, 2021 | 15:12
Կրթություն
ՄԵԴԻԱ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎՈՒՆՔ. ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ կազմակերպվել և այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկել է «Մեդիա հարցերը կարգավորող իրավունք» թեմայով աշնանային հնգօրյա դպրոցը:
Աշնանային դպրոցը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության արդյունքում կազմակերպված աշնանային դպրոցների շարքն ամփոփող միջոցառում է, որին մասնակցում են ինչպես ԵՊՀ-ի, այնպես էլ Հայաստանում Ամերիկյան, Հայ-ռուսական և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների ուսանողներ:
Մեզ հետ զրույցում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանն ասաց, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող աշնանային դպրոցների շրջանակում արդեն իրականացվել են «Եվրոպական իրավունք», «Մարդու իրավունքները» և «Սահմանադրական իրավունք» խորագրերով միջոցառումներ. «Աշնանային այս դպրոցին մասնակցում են նշված երեք դպրոցների մասնակիցները, որոնց համար, հուսով եմ, այն հետաքրքիր և արդյունավետ կանցնի»:
Նրա խոսքով, ծրագրի իրականացմանը ներգրավված են գերմանացի փորձագետներ Յորգ Ուկրոն (Եվրոպական մեդիա հարցերը կարգավորող ինստիտուտի գործադիր վարչության անդամ, Զարլանդի երկրամասի մեդիա հարցերը կարգավորող հաստատության փոխտնօրեն) և Թոբիաս Զոմմերը («Զոմմեր» փաստաբանական գրասենյակի հեղինակային իրավունքի և մեդիա հարցերը կարգավորող իրավունքի ոլորտներում մասնագիտացված փաստաբան), որոնք դպրոցի 5 օրերի ընթացքում հանդես կգան դասախոսություններով՝ ներկայացնելով մեդիա իրավունքին առնչվող հիմնահարցեր:
Աշնանային դպրոցի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Հարալդ Վենդելբերգերը, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի, Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Կլաուս Հարալդ Վենդելբերգերը վստահեցրեց, որ մասնակիցներն իրենց հետագա գործունեության ընթացքում կկիրառեն միջոցառման արդյունքում ստացած գիտելիքները և առավել արդյունավետ կգործեն:
Նա փաստեց, որ մեդիա իրավունքի յուրացումը շատ կարևոր է երիտասարդ ժողովրդավարություններում, ինչը կա Հայաստանում. «Գերմանիայում մամուլը սահմանադրական չորրորդ սյունն է իշխանության մյուս ճյուղերի կողքին, այստեղից էլ ակնհայտ են դրա դերը և նշանակությունը»:
Նրա խոսքով, մամուլը հատկապես երիտասարդ ժողովրդավարությունների կարևոր հիմքն է, և այդ պատճառով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն ընտրել է հենց նշված թեման. «Կարևոր է, որ երիտասարդ ժողովրդավարություններում մամուլը ստանա աջակցություն»:
Փոխդեսպանի կարծիքով, սոցիալական մեդիայի ընդլայնմանը զուգահեռ՝ պետք է հստակորեն կարգավորվի մեդիա իրավունքը. «Մեդիան մամուլի համար պետք է ազատ տարածքներ ստեղծի, մամուլն էլ հավաստի ու ճշմարիտ տեղեկություններ տրամադրի»:
Ֆրանկ Հուփֆելդն իր ուրախությունը հայտնեց, որ չնայած դժվարին այս ժամանակներին՝ հնարավորություն է ստեղծվել կազմակերպելու նման մակարդակով ու ձևաչափով միջոցառում: Նա նշեց, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հետ համագործակցության արդյունքում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնցից մեկն էլ աշնանային դպրոցների այս շարքն է:
Գագիկ Ղազինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի համար դժվարին ժամանակներում. «Կարելի էր կարծել, որ դպրոցի իրականացումն անհնարին է, որ այսօր հանրապետությունում ավելի լուրջ խնդիրներ կան, բայց ի պատիվ մեր գործընկերների և ուսանողների՝ մենք համարձակվեցինք սկսել այս ծրագիրը, ինչը, ինչպես պարզվեց, ճիշտ էր»:
Նրա փաստմամբ, կյանքը շարունակվում է և շարունակվում է նախևառաջ երիտասարդների համար. «Հենց երիտասարդները լուրջ անելիքներ ունեն՝ շտկելու մեր երկրի համար ստեղծված բարդ իրավիճակը: Համոզված եմ՝ ծրագիրը նոր գիտելիքներ կտա, ինչն էլ կնպաստի մասնակիցների գործունեության առավել արդյունավետ իրականացմանը»:
Խոսելով մեդիա իրավունքի մասին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը փաստեց, որ լրագրությունը համարվում է չորրորդ իշխանություն և պակաս կարևոր չէ, քան իշխանության մյուս ճյուղերը. «Մենք անելիքներ ունենք դաշտի իրավական կարգավորման, ինչպես նաև արդեն կարգավորված հարաբերությունները կյանքի կոչելու ուղղությամբ»:
Գագիկ Ղազինյանն ասաց, որ նախաձեռնվել է ծրագիր, որի արդյունքում սպասվում է՝ 2021-22 ուստարվանից կմեկնարկի «Մեդիա իրավունք» մագիստրոսական ծրագիր, ինչը հնարավորություն կտա բուհական մակարդակով պատրաստելու իրավական գիտելիքներով օժտված լրատվական դաշտի ներկայացուցիչներ և նրանց իրավունքները պաշտպանող իրավաբաններ:
Այսօր մեկնարկած աշնանային դպրոցի շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում մեդիա իրավունքի հիմնախնդիրները:
Այնուհետև գերմանացի փորձագետներն աշնանային դպրոցի մասնակիցներին ներկայացրին մեդիա հարցերը կարգավորող իրավունքի դրույթներ՝ անդրադարձ կատարելով եվրոպական և սահմանադրական իրավունքներին, Գերմանիայի երկակի հեռարձակման համակարգին և այլն:
Հիշեցնենք, որ աշնանային դպրոցը տեղի է ունենալու մինչև հունվարի 29-ը:
Քնար Միսակյան