- Main
- Node
- Նոր սարքավորումները՝ գիտական հետազոտությունների որակի բարձրացման երաշխիք
January 21, 2025 | 16:40
Գիտություն
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Մրցույթներ
Նոր սարքավորումները՝ գիտական հետազոտությունների որակի բարձրացման երաշխիք
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտը «Գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերում» մրցույթի շրջանակում համալրվել է նոր սարքավորումներով, որոնց շնորհիվ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նոր հնարավորություններ են ընձեռվել ուսանողներին և գիտնականներին: Ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանի հավաստմամբ՝ լաբորատորիաների տեխնիկական բազայի արդիականացման համար վերջին երկու տարիներին խոշոր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում հաջողությամբ ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ, որոնք զգալի ազդեցություն կունենան գիտական հետազոտությունների որակի վրա:
Նորագույն սարքավորումների ներդրումը լաբորատոր աշխատանքներում
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիաները համալրվել են մի շարք կարևոր սարքավորումներով։ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան ձեռք է բերել մանրէների աճեցման համար նախատեսված կառավարվող թափահարիչ ինկուբատոր՝ սառեցվող և ջերմաստիճանային կարգավորման հնարավորությամբ, ինչպես նաև առցանց դիտարկման հնարավորություն ապահովող համակարգով։
Բացի դրանից՝ ձեռք է բերվել մասս դետեկտոր և՛ գազային, և՛ հեղուկային քրոմատոգրաֆների համար՝ նախատեսված հեղուկների ու գազային միջավայրում անհայտ նյութերի անալիզի համար։ Սարքը հնարավորություն է տալիս արագ ու արդյունավետ որոշելու միջավայրի բաղադրությունը։ Բջջային նյութերը ջարդելու և լուծամզվածքներ ստանալու նպատակով ձեռք է բերվել ֆրենչ պրես սարք։ Արդիականացման գործընթացի շրջանակում նաև ներդրվելու է գեների էքսպրեսիայի չիպավորման համակարգ՝ նախատեսված աղիքային ցուպիկի ու խմորասնկի գենային էքսպրեսիայի ուսումնասիրությունների համար, որտեղ բջիջները տեղադրվում են չիպի վրա, և հնարավոր է իրական ժամանակում հետևել դրանց գործունեությանը․ սարքը նախատեսում ենք ձեռք բերել 2025 թ․:
«Նոր սարքավորումների շարքում ունենք նաև մեծ տարողությամբ թերմոստատներ, ֆլուորեսցենտային մանրադիտակներ և ամենօրյա օգտագործման կարևոր այլ սարքեր, որոնք կիրառվում են գիտական տարբեր փորձեր և հետազոտություններ կատարելիս»,- հավելեց Կ․ Թռչունյանը։
Ուսանողների համար մատչելիություն և ուսուցում
Սարքավորումներից օգտվելու հնարավորություն ունեն ինչպես ասպիրանտները, երիտասարդ հետազոտողները, այնպես էլ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։
«Ուսանողները լաբորատոր աշխատանքների ժամանակ սովորում են սարքերից օգտվելու կանոնները։ Մենք տրամադրում ենք լաբորատոր ձեռնարկներ, որոնք տալիս են մանրամասն ուղեցույցներ սարքերը միացնելու, անջատելու և աշխատեցնելու համար»,- ասաց ինստիտուտի տնօրենը։
Ձեռնարկների արդիականացման ծրագրեր
Կարեն Թռչունյանի խոսքով՝ նախատեսվում է նաև նոր սարքավորումների համար լաբորատոր ձեռնարկների թարմացում։
«Ներկայում առկա ձեռնարկները հասանելի են գրադարաններում, ինչպես նաև առցանց եղանակով՝ բոլորի համար ապահովելով հասանելիություն անհրաժեշտ տեղեկություններին»,- ամփոփեց նա։
Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման հեռանկարները
2024 թ․ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտը մասնակցել է գիտական սարքավորումների ձեռքբերման մի շարք դրամաշնորհային ծրագրերի, որոնք ֆինանսավորվել են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։ Ըստ Կարեն Թռչունյանի՝ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ներկայացված դիմումներն առնչվում էին թե՛ փոքր սարքերի (մինչև 20 միլիոն ՀՀ դրամ), թե՛ մեծ սարքերի ձեռքբերման հնարավորություններին։
«Մենք դիմել էինք 2023 թ․ և ֆինանսավորում ենք ստացել 2024 թ․։ Ավելին, 2024 թ․ նույնպես դիմել ենք և ակնկալում ենք, որ նոր սարքավորումները կստանանք ընթացիկ տարում»,- նշեց նա։