ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում արդեն երրորդ անգամ անցկացվեց «BioExpo»-ն՝ նպատակ ունենալով մասնակիցներին իրազեկելու Կենսաբանության ֆակուլտետի կրթական և գիտահետազոտական գործունեության, մասնագիտական աճի հնարավորությունների մասին, տրամադրելու աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև նպաստելու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
Ցուցահանդեսին մասնակցեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 7 ամբիոնները և կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10 լաբորատորիաները, հրավիրված 20 գործընկեր կազմակերպությունները, որոնք առանձին տաղավարներում ներկայացրին տարբեր ցուցանմուշներ, կատարեցին գիտափորձեր, պատմեցին իրենց գործունեության ու աշխատանքի հնարավորությունների մասին: Առանձին տաղավարով ներկայացավ նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը շրջեցին տաղավարներով, ուսումնասիրեցին մասնակիցների աշխատանքները՝ ներկաների հետ քննարկելով բնագավառի նորարարությունները, խնդիրները և դրանց լուծման ուղիները:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, կ.գ.դ. Կարեն Ղազարյանը, կարևորելով «BioExpo»-ի անցկացումը, շեշտեց. «Կենսաբանության ֆակուլտետում արդեն ավանդույթ դարձած այս ցուցահանդեսը տարեցտարի ընդլայնում է սահմանները. առաջին անգամ մասնակցում էր միայն Կենսաբանության ֆակուլտետը, երկրորդ անգամ ներգրավեցինք նաև գործատուներին, որի հաջողված փորձը շարունակեցինք նաև այս անգամ»:
Կարեն Ղազարյանն ընդգծեց, որ Արցախից բռնի տեղահանված մոտ 60 ուսանող այժմ սովորում է Կենսաբանության ֆակուլտետում, և «BioExpo»-ն հրաշալի հնարավորություն է նաև նրանց համար՝ ֆակուլտետի գործունեությանը և աշխատանքային հեռանկարներին ծանոթանալու առումով:
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանն ընդգծեց, որ որոշ աշակերտներ նախորդ տարի մասնակցել են ցուցահանդեսին, ինչի շնորհիվ մեծացել է հետաքրքրվածությունը ԵՊՀ-ի նկատմամբ, և նրանք որոշել են կրթությունը շարունակել ՍԹԵՄ դպրոցում:
Տաղավարում դպրոցի աշակերտները ներկայացրին ՍԹԵՄ-ի գործունեությունը, առավելությունները, ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև խոսեցին ուսումնառության երեք ամիսների ընթացքում ստացած տպավորությունների մասին:
Դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Անի Դաբաղյանը մասնավորապես նշեց. «Ի թիվս այլ առավելությունների՝ ցուցահանդեսի այցելուներին պատմում ենք նաև ԵՊՀ լաբորատորիաներից օգտվելու հնարավորությունների մասին, ինչը չափազանց կարևոր է տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու առումով»:
Ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցել են ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների, շրջանավարտների և կարիերայի կենտրոնները, Կենսաբանության ֆակուլտետի ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հրավիրել էր ոլորտին առնչվող կազմակերպությունների և ընկերությունների՝ ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներ, ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններ, կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներ, բնապահպանության, սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի ոլորտների տարբեր կազմակերպություններ և այլն։ Նշենք, որ հրավիրյալ կազամկերպությունները հանդիսանում են կենտրոնի գործընկերը։ Կենտրոնը կարևորում է նմանատիպ համագործակցությունը, քանի որ այն նպաստում է ոչ միայն հավելյալ մասնագիտական գիտելիքների ստացմանը, այլ նաև խթանում է ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների կարիերային։
Միջոցառման շրջանակում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «BostonGene» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում, որի ժամանակ ընկերության ներկայացուցիչները ԵՊՀ ուսանողներին առաջարկեցին աշխատանք կենսատեխնոլոգիաների և անհատականացված բժշկության ոլորտներում։ Հանդիպման վերջում ուսանողներին առաջարկվեց անցնել կարճ թեստ, որը հաղթահարողներին աշխատանքի հնարավորություն կընձեռվի «BostonGene» ընկերությունում։
Կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը տեղեկացրեց, որ գործատուները, մասնակցելով ցուցահանդեսին, հնարավորություն են ունենում համալրելու ուսանողների տվյալները՝ հետագայում նրանց զբաղվածությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ամրապնդվում է բուհ-գործատու կապը:
Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը դպրոցներին իրազեկել է միջոցառման մասին և ապահովել աշակերտների մասնակցությունը: Կենտրոնի՝ դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Քրիստինե Հարությունյանն ասաց, որ նախորդ տարի միջոցառմանն այցելել էր 45-50 դպրոցի մոտ 600 աշակերտ, այս տարի ևս մեծ էր ակտիվությունն ու հետաքրքրվածությունը, ինչը միանշանակ ողջունելի է, քանի որ այսկերպ բուհը նպաստում է աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
Կենսաբանության ֆակուլտետի մագիստրանտ, ՈՒԽ նախագահ Ռուզաննա Հարությունյանը, անդրադառնալով ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներում ուսանողական կառույցների ներգրավվածությանը, շեշտեց. «ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն շատ են կարևորում այսօրինակ միջոցառումները, քանի որ ուսանողներն ակտիվորեն ներգրավվում են, կամավորական սկզբունքով ներկայացնում ֆակուլտետի և ուսանողական կառույցների գործունեությունը, ինչպես նաև անձամբ ծանոթանում գործատուներին և աշխատաշուկայի հնարավորություններին»:
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն առաջին անգամ է մասնակցում «BioExpo»-ին՝ տաղավարում ներկայացնելով կենսաբազմազանության վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները, համայնքների զարգացմանը նպաստող ծրագրերը և հանրային արշավները:
Կազմակերպության հանրային կապերի (PR) մենեջեր Անի Ավանեսյանը, կարևորելով բուհի և ուսանողների հետ կապերի ամրապնդումը, ասաց. «Մենք ունենք ծրագրեր, որոնցում ընդգրկում ենք ուսանողների: Օրինակ՝ տարբեր կենդանիների հաշվառման հսկայածավալ աշխատանքի ժամանակ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողներն ակտիվորեն ներգրավվում են որպես կամավորներ: Որակյալ և մեր պահանջներին համապատասխանող մասնագետների հայտնաբերման պարագայում անում ենք աշխատանքի առաջարկ, և կամավորները համալրում են մեր աշխատակիցների շարքերը»:
Լևոն Միրիջանյանի անվան №155 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ոգևորությամբ նշեցին, որ առաջին անգամ են ԵՊՀ-ում և տպավորված են կազմակերպված ցուցահանդեսով:
«Այստեղ տեսանք վերացող բույսերի սերմեր, կենդանիների խրտվիլակներ, ծանոթացանք տարբեր ցուցանմուշների, մասնակցեցինք գիտափորձերի և ամրապնդեցինք կենսաբանությունից ունեցած մեր գիտելիքները»,- նշեց Մարկ Հակոբյանը: Վահագն Թամրազյանն էլ հավելեց. «Ծանոթանալով կենսաբանության բազմազան աշխարհին՝ իմ հետաքրքրվածությունը մեծացավ առարկայի նկատմամբ: Սիրով մյուս տարի ևս կմասնակցեմ միջոցառմանը»:
Նշենք, որ կազմակերպիչ ստորաբաժանումները, հաշվի առնելով «BioExpo» ցուցահանդեսի արդյունավետությունը, ծրագրում են ապագայում ընդլայնել դրա շրջանակը: