Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ԵՊՀ-ում է 2009 թվականից: Ավելի քան տասը տարի աշխատում է համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական աճի և զարգացման համար, ինչպես նաև օգնելով աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցում:
Պատմում է Կարինե Նազարյանը:
Աշխատանքային գործունեությունը․․․
Մասնագիտությամբ մանկան հոգեբան եմ: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ կրթահամալիրներից մեկում որպես հոգեբան աշխատելուց, այնուհետև աշխատել եմ որպես մեթոդիստ, հետագայում՝ սկսած 2002 թվականից, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության երիտասարդական քաղաքականության վարչությունում որպես գլխավոր մասնագետ, իսկ 2009 թվականից առ այսօր Երևանի պետական համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրենն եմ:
Երիտասարդությանը ոգևորող ուժը․․․
Մեր երիտասարդության մասնագիտական աճին նպաստող ծրագրերը ոգեշնչում են նրանց անելու ավելին և առավել ոգևորիչ են հենց մեզ՝ այդ ծրագրերի իրագործման աջակիցների համար:
Դժվարություններն առաջընթացի կարևոր նախապայմանն են:
Երբ սիրով եմ որևէ աշխատանք կատարում և եթե ինչ-որ դժվարության եմ հանդիպում, այն չեմ դիտարկում որպես խոչընդոտ կամ փորձություն, այլ մտածում եմ, որ դա ինձ համար նոր մարտահրավեր է, ինքնակատարելագործման նոր հնարավորություն: Իմ կարծիքով, հակառակ դեպքում, մարդը՝ որպես անհատ և մասնագետ կդադարի զարգանալուց:
Պետք է մշտապես լուրջ ու պատասխանատու լինել յուրաքանչյուր աշխատանք կատարելիս։
Ես մեծ հաճույքով եմ կատարում իմ աշխատանքը և կարծում եմ՝ անհնարին ոչինչ չկա․ միայն ցանկություն է պետք յուրաքանչյուր աշխատանքում: Սակայն, եթե գործունեություն ես ծավալում անտարբերությամբ, ամեն ինչ անում ես պարտավորության զգացումով, ապա խոչընդոտներն անխուսափելի կլինեն:
Մեր առաքելությունը…
Մենք վերապատրաստումներ, հանդիպումներ ու սեմինարներ ենք կազմակերպում հնարավոր բոլոր ուղղություններով, որոնք կարող են նպաստել ուսանողների և շրջանավարտների կարիերայի աճին։ Մեզ համար թիրախային են համալսարանի ուսանողությունը և նոր շրջանավարտները, որոնք ունեն հմտությունների զարգացման, աշխատաշուկայում ներգրավվելու անհրաժեշտություն:
Կենտրոնը մասնագիտական գործունեություն սկսելու սկզբնակետն է:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը մեծ դերակատարում ունի ուսանողների կարիերայի մեկնարկի, աշխատանքային գործունեություն սկսելու հարցում: Այս առումով առարկայական օրինակները բազմաթիվ են․ կենտրոնի աջակցությամբ ներկայում բազմաթիվ համալսարանականներ հեղինակավոր կազմակերպությունների առաջատար մասնագետներ են։
Կարևորը մարդ մնալն է։
Անկախ նրանից՝ մարդն ինչ ոլորտում է և ինչ պաշտոն է զբաղեցնում՝ կարևորը մարդկային արժեքներն են։ Համառ կամքի և աշխատասիրության շնորհիվ է միայն հնարավոր հասնել նպատակակետին։
Լյուդմիլա Շիրվանյան