ԵՊՀ-ի և ամերիկյան «BostonGene» կենսատեխնոլոգիական ընկերության համագործակցության շրջանակում ներկայացվեց «Կենսաինֆորմատիկան և տվյալների գիտությունը ուռուցքաբանության մեջ» նոր դասընթացը:
Ընկերության ներկայացուցիչները ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ մի շարք տեղեկատվական հանդիպումներ իրականացրին ԵՊՀ թիրախային ֆակուլտետների ուսանողների հետ: Հանդիպումների ընթացքում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների, Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսին:
Տեղեկացնելով կրթական ծրագրի առավելությունների ու ընձեռվող հնարավորությունների մասին՝ կազմակերպության ներկայացուցիչներն ընդգծեցին, որ ուսումնառության ընթացքում ուսանողները գիտելիքներ կստանան կենսաինֆորմատիկայի, տվյալների գիտության և ուռուցքաբանության բնագավառներում առաջատար տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձառության վերաբերյալ, ինչպես նաև կստանան ճշգրիտ ուռուցքաբանության զարգացող ոլորտում կարիերայի առաջխաղացման հնարավորություն:
Դասընթացը հաջողությամբ հաղթահարած ուսանողներն ընկերությունում աշխատանքի հնարավորություն կունենան: