![](/sites/default/files/styles/large/public/2024-03/ed4143c4-488b-41a5-a3db-dbfbb80e6997.jpeg?itok=QTTWdQN7)
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ անցկացվեց հանդիպում «Polixis Sàrl» ընկերության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ ուսանողներին ներկայացվեցին ընկերությունում առկա թափուր հաստիքները, կարիերայի հնարավորությունները։
Շվեյցարական առաջատար «Polixis Sàrl» ռիսկերի գնահատման և խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրին կազմակերպությունը, խոսեցին վերջինիս գործունեության, ինչպես նաև ընկերությունում կարիերա ստեղծելու և զարգանալու հնարավորությունների մասին։
Հանդիպման խոսնակներն էին կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Քալանթարյանը, նախկին ԽՍՀՄ, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների հետազոտողների թիմի ղեկավար Լիզա Ալեքսանյանը, հետազոտող (Ասիական երկրներ) Աննա Հարությունյանը, կրտսեր հետազոտող (Եվրոպական և նախկին ԽՍՀՄ երկրներ) Լաուրա Մինասյանը։
«Ընկերությունն ունի նաև հայաստանյան գրասենյակ, որը հիմնադրվել է որպես միջազգային չափանիշներին համապատասխանող, ռիսկերի գնահատման և կառավարման խորհրդատվական ընկերություն։ Այն շվեյցարական «Polixis» ընկերությունների խմբի մաս է կազմում՝ հանդիսանալով խմբի ամենամեծ ընկերությունը»,- նշեց կազմակերպության ներկայացուցիչը՝ ուսանողներին ներկայացնելով «Polixis»-ը ՝ որպես գործատու, ինչպես նաև կազմակերպությունում պրակտիկայի և աշխատանքի հնարավորությունները։
Հանդիպման ավարտին ուսանողները իրենց հուզող հարցերը ուղղեցին կազմակերպության ներկայացուցիչներին և ստացան սպառիչ պատասխաններ։