ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Ակբա բանկ» ԲԲԸ-ի համագործակցության շրջանակում անցկացվեց «HR մարտահրավերներն ու ապագա աշխատաշուկայի զարգացման միտումները» թեմայով հանդիպում-քննարկում բանկի ներկայացուցիչների հետ։
Միջոցառման բանախոսներն էին «Ակբա բանկ» ԲԲԸ-ի տաղանդների ներգրավման բաժնի ղեկավար Անի Պողոսյանը, ավագ մասնագետ Աննա Գևորգյանը, մասնագետներ Մարիամ Մարտիրոսյանը և Դիանա Ղալումյանը։
Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան բանկի առաքելությանն ու արժեքներին, ինչպես նաև բանկի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության աշխատանքին։
Բանախոսներն ընդգծեցին աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետ լինելու, ինչպես նաև Hard և Soft հմտությունների զարգացման կաևորությունը մասնագիտական ուղին սկսելիս։
Ներկայացվեցին ինքնակենսագրականներ կազմելու ձևաչափը, գործիքակազմը, հարցազրույցին նախապատրաստվելու և ճիշտ ներկայանալու անհրաժեշտ հմտությունները: Ուսանողները հնարավորություն ստացան մասնակցելու մոդելավորված հարցազրույցի, որի շնորհիվ ձեռք բերեցին համապատասխան փորձառություն։
Տաղանդների ներգրավման բաժնի ղեկավար Անի Պողոսյանը նշեց. «Նման միջոցառումները «Ակբա բանկ» ԲԲԸ-ի և ԵՊՀ-ի միջև շարունակական բնույթ են կրում և միտված են գործատու-համալսարան կապի ամրապնդմանը: Այս համագործակցության շնորհիվ պրակտիկ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ստանալով՝ ուսանողները սովորում են ճիշտ ներկայանալ աշխատաշուկայում։ Բարձր ենք գնահատում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի քայլերը՝ միտված նմանօրինակ միջոցառումների կազմակերպմանը, որի արդյունքում ուսանողները կատարում են իրենց կարիերան սկսելու առաջին քայլերը։ Հուսով ենք՝ միջոցառման մասնակիցներից շատերին հետագայում հնարավորություն կունենանք տեսնելու «Ակբայի» թիմում որպես աշխատակիցներ»։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանն իր խոսքում ընդգծեց ԵՊՀ-ի և «Ակբա բանկ» ԲԲԸ-ի համագործակցության կարևորությունը. «Նմանօրինակ նախաձեռնությունները կարևոր են, քանի որ դրանք ուսանողներին հնարավորություն են տալիս ոլորտում կայացած մասնագետների հետ հանդիպելու, մասնագիտական գիտելիքները հարստացնելու, իսկ գործատուներին՝ ներկայացնելու իրենց կազմակերպություններում առկա կարիերայի հնարավորությունները»։
Դասախոսությունների ավարտին ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։