Ս․թ․ նոյեմբերի 30-ին Ֆարմացիայի ինստիտուտում տեղի ունեցավ «Դեղագետի դերը հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ձևավորման դեմ պայքարում» թեմայով քննարկում։
Միջոցառումը նվիրված էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարած հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության իրազեկման համաշխարհային շաբաթին, որի կարգախոսն է «Միասին կանխարգելենք հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը»։
«Ֆարմացիա» բակալավրիատական կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները ներկայացրին զեկուցումներ, որին ներկա էին ինստիտուտի դասախոսները և ուսանողները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ, Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանը։ Նույն ամբիոնի դասախոս Անի Չախոյանը հեռավար եղանակով անցկացրեց փոքր հարցում՝ կազմված ԱՀԿ ուղեցույցով։ Հարցումը նպատակ ուներ ուսումնասիրելու հակաբիոտիկների վերաբերյալ հարցվողների տեղեկացվածության մակարդակը։
Ուսանողները զեկուցումներով ներկայացրին իրենց ինքնուրույն աշխատանքները՝ անդրադառնալով հակաբիոտիկների կիրառման դրական և բացասական կողմերին, կիրառման չարաշահումներից առաջացող բարդություններին, մանկական պրակտիկայում կիրառման առանձնահատկություններին և ուղիներին, ինչպես նաև հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարի ուղիներին։
Հնչեցին հարցեր, ծավալվեց թեմատիկ քննարկում, որը նպաստեց կրտսեր կուրսերի ուսանողների գիտելիքների ամրապնդմանը և հասկանալու, որ հակաբիոտիկների սխալ և (կամ) անհիմն կիրառման դեպքում ոչ միայն կդիտվեն անցանկալի երևույթներ, այլև կզարգանա հակաբիոտիկների նկատմամբ կայունություն։