ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի աշխատակիցները մասնակցեցին արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության և առաջին բուժօգնության դասընթացներին։
Ս․թ․ հունվարի 29-ին և 30-ին Ֆարմացիայի ինստիտուտի նախաձեռնությամբ Քաղաքացիական պաշտպանության ամբիոնը ինստիտուտի աշխատակիցների համար կազմակերպեց արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության և առաջին բուժօգնության երկօրյա դասընթաց։
Դասընթացի նպատակն էր աշխատակիցներին սովորեցնել ճիշտ վերլուծել իրավիճակը, արտակարգ իրավիճակի դեպքում խուճապի չմատնվել, արագ կողմնորոշվել և առաջին օգնություն ցուցաբերել դժբախտ պատահարների, վնասվածքների, թունավորումների, կյանքին և առողջությանը սպառնացող այլ վտանգների ու հիվանդությունների դեպքում:
Դասընթացը Ֆարմացիայի ինստիտուտի աշխատակիցների համար կարևոր էր՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական գործունեության բնույթն ու առանձնահատկությունները։
Ձեռք բերելով առաջին բուժօգնությանը վերաբերող գիտելիքներ և կարողություններ՝ աշխատակիցները արտակարգ իրավիճակի պարագայում խնդիրներին կտան լուծումներ՝ ցուցաբերելով անհրաժեշտ հմտություններ։
Դասընթացի ժամանակ բանախոսները պատասխանեցին նաև մասնակիցների հարցերին, ծավալվեց քննարկում։
Ֆարմացիայի ինստիտուտը արդյունավետ դասընթաց անցկացնելու համար շնորհակալություն հայտնեց Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ Սարգիս Մանուկյանին, ինչպես նաև դասախոսներին։