Երկրային կյանքին հրաժեշտ տվեց գիտության երախտավոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Ա. Սիսակյանի անվան հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Գեորգի Սամվելի Պողոսյանը։
1975 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանը՝ նա իր ամբողջ գիտական և կազմակերպչական գործունեությունը ծավալել է ի նպաստ ԵՊՀ-ի։ Նա համահեղինակ է մոտ 200 գիտական աշխատությունների, որոնք տպագրվել են բարձր վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում։ Սուպերինտեգրվող համակարգերի ուսումնասիրությանը նվիրված նրա գիտական աշխատանքները հայտնի են տեսական մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառի աշխարհի գիտնականների շրջանում: Նրա համահեղինակությամբ լույս տեսած «Квантовые системы со скрытой симметрией» (Издательство ФИЗМАТЛИТ, г. Москва, 2006 г.) գիրքը՝ տպագրված ռուսերենով, դարձել է այդ բնագավառի մասնագետների «սեղանի գիրք»։ Ի դեպ՝ արդեն պատրաստ է գրքի նաև անգլերեն տարբերակը:
1991-2001 թթ. Գ.Ս. Պողոսյանը ԵՊՀ-ի կողմից գործուղվել է Միջուկային հետազոտությունների միջազգային կենտրոն, որտեղ աշխատել է Տեսական ֆիզիկայի լաբորատորիայում որպես առաջատար գիտաշխատող։ 2001-2003 թթ. նա Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի (ք. Կուերնավակա) առաջատար գիտաշխատող էր, իսկ 2004-2019 թթ. Գ.Ս. Պողոսյանը Գվադալախարայի (Մեքսիկա) համալսարանի հետազոտող պրոֆեսոր էր (Professor-Investigador Titular "C")։
2006-2007 թթ. Գ.Ս. Պողոսյանը ղեկավարել է ԵՊՀ գիտական վարչությունը (Գիտական քաղաքականության վարչություն):
Անալիտիկ մտածելակերպով օժտված Գեորգի Սամվելի Պողոսյանն ուներ նաև կազմակերպչական մեծ ջիղ։ Դեռևս 1988 թ. նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ԵՊՀ-ում բացվեց «Բարձր էներգիաների ֆիզիկայի լաբորատորիան», որը կապեր էր հաստատել ԽՍՀՄ հայտնի գիտական կենտրոնների հետ։ Լաբորատորիան մասնակցում էր նաև երկրում կառուցվող նոր գերհզոր արագացուցչի աշխատանքներին և կատարում էր մի շարք գիտական պատվերներ։ Լաբորատորիան լուծարվեց 1991 թվականին ԽՍՀՄ փլուզման հետևանքով։
Գ.Ս. Պողոսյանի անխոնջ բնավորությունը նրան դրդում էր նոր լուծումների փնտրտուքի՝ ի բարօրություն երկրի և համալսարանի։ 1993 թվականից նրա նախաձեռնությամբ կազմակերպվում էր «Սիմետրիայի մեթոդները ֆիզիկայում» միջազգային գիտաժողովը, որն անցկացվում էր Հայաստանում և ՌԴ-ում բազմաթիվ արտերկրյա գիտնականների մասնակցությամբ (մասնակիցների թիվը 50-100)։ Գիտաժողովների նպատակն էր հայ գիտնականների համար ստեղծել հարթակ՝ շփվելու արտերկրյա գործընկերների հետ և տպագրվելու առաջատար պարբերականներում։
1999 թվականին ակադեմիկոս Ալեքսեյ Նորայրի Սիսակյանի հետ հիմնադրել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է ԵՊՀ հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնը, որի առաքելությունն էր կապեր հաստատել միջազգային գիտական կենտրոնների հետ (օրինակ՝ Միջուկային հետազոտությունների միջազգային կենտրոն, ք. Դուբնա, ՌԴ) և միաժամանակ միավորել այն հայազգի գիտնականներին, որոնք 90-ականներին հեռացել էին Հայաստանից սոցիալական ծանր կացության պատճառով։ Այդ գաղափարի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել մի շարք գիտնականների վերադարձը հայրենիք։
2003 թ. Գ.Ս. Պողոսյանը Ծաղկաձորում կազմակերպեց Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (CERN-JINR) միջազգային դպրոցը Եվրոպայի տարբեր երկրներից և Ռուսաստանից ժամանած մոտ 100 մասնակիցներով։ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար դա մեծ հնարավորություն էր անվճար մասնակցելու այդ բնագավառում աշխարհի առաջատար մասնագետների դասախոսություններին, ինչպես նաև նոր կապեր հաստատելու:
Գ.Ս. Պողոսյանը 1998-2014 թթ. «Quantum Theory and Symetry», իսկ 2000-2018 թթ. «Group Theoretical Methods in Physics» միջազգային գիտաժողովի գիտխորհրդի անդամ էր, որը հնարավորություն տվեց այդ հեղինակավոր գիտաժողովները կազմակերպելու Հայաստանում բազմաթիվ աշխարհահռչակ հայտնի գիտնականների մասնակցությամբ։ 2024 թ. հուլիսի 15-19 Աֆրիկայի Բենինի Կոտոնու քաղաքում անցկացված «GROUP 33/35» միջազգային գիտաժողովի մեկնարկին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գ.Ս. Պողոսյանի հիշատակը, և ներկայացվեց նրա գիտական կյանքի մասին հաղորդագրություն:
Գ.Ս. Պողոսյանը նախապատրաստվում էր Երևանում 2024 թվականի սեպտեմբերի 8-13-ը կայանալիք «SYMPHYS», ինչպես նաև 2025 թվականի «QTS13» միջազգային գիտաժողովներին:
Գեորգի Սամվելի Պողոսյանը կրթել է նաև բազմաթիվ երիտասարդ կադրեր տարբեր երկրներում: Նա մինչև կյանքի վերջին օրերը շարունակում էր իր գիտական աշխատանքը Գվադալախարայի երիտասարդ գործընկերոջ՝ Ալեքսանդր Յախնոյի հետ։
Նրա հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ: