ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Քուվեյթ, որտեղ նախատեսված մի շարք հանդիպումները միտված էին ԵՊՀ-ի և տեղի գիտակրթական կենտրոնների միջև գործակցային առկա կապերի ամրապնդմանն ու նոր հարաբերությունների հաստատմանը։
Այցի շրջանակում ԵՊՀ ներկայացուցիչներն այցելել են Քուվեյթի համալսարան, հանդիպել ռեկտորի՝ պրոֆեսոր Ֆայեզ Մանշար ալ Դուֆիրիի հետ և քննարկել համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունները։
Հանդիպում է կազմակերպվել նաև Քուվեյթի համալսարանի լեզուների ուսուցման կենտրոնի տնօրեն, դոկտոր Խալիդ ալ Ֆադլիի հետ: Վերջինիս հետ քննարկվել են ԵՊՀ-ում արաբագիտության դասավանդման առանձնահատկությունները, ոլորտում արձանագրված հաջողությունները և գործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծերը, այդ թվում` ուսանողների փոխանակման ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։
Քուվեյթ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել նաև պատվավոր կոչում շնորհելու հանդիսավոր արարողություն. ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ բարերար, աշխարհում խաղաղության օրակարգի առաջմղման ջատագով Աբդ ալ Ազիզ Սաուդ ալ Բաբտեյնին համալսարանի հետ ակտիվ համագործակցության ու մասնագիտական գործունեության արդյունավետ կազմակերպմանն աջակցելու համար շնորհվել է «ԵՊՀ պատվավոր դոկտորի» կոչում:
Աբդ ալ Ազիզ Սաուդ ալ Բաբտեյնը` համալսարանական ընտանիքի նոր պատվավոր անդամը, պատրաստակամություն է հայտնել համատեղ իրականացնելու մի շարք ծրագրեր ու աջակցելու համալսարանականների առաջարկած նախաձեռնությունների իրագործմանը։
Նրա հետ մասնավորապես քննարկվել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում արաբերենի ուսուցման կրթական նոր ծրագիր մշակելու և ներդնելու, հայ և արաբական գրական գործերը, ինչպես նաև Ղուրանը հայերեն թարգմանելու նախաձեռնություններն ու ծրագրերը։
Կողմերը հույս են հայտնել, որ անցկացված հանդիպումները մոտ ապագայում կարձանագրեն տեսանելի արդյունքներ՝ միաժամանակ նպաստելով ԵՊՀ-ի զարգացմանն ու միջազգայնացմանը։
Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի հետ պաշտոնական այցով Քուվեյթում էին ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Վահե Հակոբյանը:
Այցի մանրամասները՝ տեսանյութում: