ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագրի բակալավրիատի 4-րդ կուրսի 8 ուսանողներ 2023-2024 ուստարում կրթությունը շարունակում են Քուվեյթի համալսարանում: Էլիզա Քերոբյանը նրանցից մեկն է, որը երկու համալսարանների գործակցության շրջանակում արդեն մի քանի ամիս գտնվում է Քուվեյթում: Նրա հետ զրուցել ենք կրթությունն արտերկրում շարունակելու, հնարավորությունների և խոչընդոտների մասին:
Պատմում է Էլիզան
Քուվեյթում ուսումս շարունակելու որոշումը կայացրել եմ արաբերենի նկատմամբ մեծ հետաքրքրությունից և գիտելիքներս է՛լ ավելի խորացնելու ձգտումից։ Քուվեյթում ապրելու փորձը եզակի հնարավորություն է ոչ միայն ակադեմիական միջավայրում արաբերեն սովորելու, այլև լեզվական հմտություններս առօրյա կյանքում կիրառելու և կատարելագործելու տեսանկյունից: Այն նաև հնարավորություն է ընձեռում ընկերանալու աշխարհի տարբեր անկյուններից եկած մարդկանց հետ, լավագույնս ծանոթանալու և պատկերացում կազմելու մշակութային, սոցիալական և պատմական այն հայեցակետերի մասին, որոնք ձևավորվում են արաբական աշխարհում:
Ի սկզբանե վստահ էի, որ Քուվեյթ մեկնելը ճիշտ որոշում է, և հիմա համոզվում եմ, որ այստեղ սովորելը, ապրելը և տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ շփվելն ինձ, իսկապես, տալիս է առավել լայն գիտելիքներ՝ դասագրքերից ու համալսարանական լսարաններից դուրս: Գաղափարների և փորձի փոխանակումը զարգացնում է այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են միջմշակութային հաղորդակցությունը և համագործակցությունը:
Այժմ Քուվեյթի համալսարանի գրականության ֆակուլտետի լեզվի կենտրոնում ուսումնասիրում ենք գրական արաբերեն՝ պաշտոնական գրավոր լեզուն։ Դասընթացները ներառում են արաբական մշակույթի, ավանդույթների և պատմության վերաբերյալ թեմաներ։ Ընդհանուր առմամբ, լեզվի կենտրոնում կրթական գործընթացի նպատակը համապարփակ, գրավիչ և մշակութային առումով խորացված ուսուցումն է լեզվի իմացության տարբեր մակարդակներ ունեցող ուսանողների համար:
Այստեղ օգտվում ենք Քուվեյթի համալսարանի գրադարաններից, որոնք մեծապես նպաստում են կրթական գործընթացին: Այս գրադարանների միջոցով հասանելիություն ունենք թե՛ մասնագիտական գրականությանը, թե՛ գիտական տարբեր հետազոտություններին անհրաժեշտ առանցքային նյութերի:
Համալսարանի սիրելի դասախոսներիս փոխանցած գիտելիքներն անկյունաքար են արտերկրում ուսանելու և կրթական գործընթացում խոչընդոտները հաղթահարելու համար: Նրանց դասավանդման դինամիկ մեթոդների շնորհիվ ես ոչ միայն ձեռք եմ բերել ակադեմիական գիտելիքներ, այլև մշակութային բազմազանության վերաբերյալ խորը պատկերացում: Դասախոսների շարունակական աջակցությունն անգնահատելի է արտերկրի ակադեմիական համայնքին իմ՝ հաջող ինտեգրվելու գործընթացում։
Ուսանողական կյանքը ևս Քուվեյթում բավականին ակտիվ է: Մշտապես կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, մշակութային ցուցահանդեսներ, սեմինարներ, ակադեմիական մրցույթներ՝ ուսանողներին հնարավորություն տալով դրսևորելու իրենց գիտելիքներն ու հետաքրքրությունները: Պետք է ուրախությամբ նշեմ, որ պատիվ եմ ունեցել միջմշակութային ցուցահանդեսներում ներկայացնելու Հայաստանը՝ պատմելով Հայաստանի մշակութային հարուստ ժառանգության, ավանդույթների, դարավոր պատմության մասին: Մասնակցել եմ նաև ակադեմիական մրցույթների, որոնցից ամենահետաքրքիրը ոչ լեզվակիրների համար կազմակերպված արաբերենի մրցույթն էր։ Համոզված եմ, որ նման միջոցառումներին մասնակցելը նպաստում է միջմշակութային հաղորդակցությանը ու միջազգային երկխոսության խթանմանը:
Վստահ եմ՝ Քուվեյթի համալսարանում ուսումն ավարտելուց հետո վերադառնալով Հայաստան՝ ինձ հետ կբերեմ գիտելիքների ու փորձի հարուստ պաշար, որը կօգտագործեմ ի շահ հայրենիքիս: