Արևմտյան Հայաստան կատարած եռօրյա շրջագայության ընթացքում Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բակում Պատմության ֆակուլտետի 2022-2023 ուստարվա մոտ 50 շրջանավարտներ ստացան իրենց ավարտական դիպլոմները:
Ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ արդեն 13-րդ տարին է՝ ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմները հանձնում են Արևմտյան Հայաստանում, ինչն ունի յուրահատուկ պատմաճանաչողական նշանակություն:
«Մեր նպատակն է ուսանողներին ծանոթացնել պատմական հայրենիքի տարածքներին, պատմական հուշարձաններին ու այն վայրերին, որտեղ տեղի են ունեցել հայոց պատմության նշանավոր իրադարձությունները: Մենք ցանկանում ենք դաստիարակել նվիրվածություն ու հայրենասիրություն մեր պատմական հողի նկատմամբ»,- շեշտեց ֆակուլտետի դեկանը:
Ուսանողների շարքում էր Արեգ Հովհաննիսյանը, որը գերազանցությամբ ավարտեց ֆակուլտետի պատմության բաժնի մագիստրատուրան: Մեզ հետ զրույցում կարևորելով ֆակուլտետում ստացած գիտելիքները, հմտություններն ու անձնական կապերը՝ Արեգը նշեց. «Շատ պարտավորեցնող է դիպլոմը հատկապես Արևմտյան Հայաստանում ստանալու հանգամանքը, քանի որ հնարավորություն ունեցանք սերտ առնչվելու պատմական հայրենիքին և առավել խոր գիտակցելու մեր կորցրածի արժեքն ու մեր նախնիների առջև ունեցած պարտքը՝ ավելի արժանապատիվ ապրելու, գործելու և երկրի պատմությունն ու դեմքը ներկայացնելու համար»:
Ֆակուլտետի արվեստաբանության բաժնի բակալավրիատի շրջանավարտ Սյունե Ստեփանյանն ընդգծեց, որ ֆակուլտետում ստացած գիտելիքները նոր գաղափարների առաջմղման և ավելի լուսավոր ապագա ստեղծելու ուղենիշ են:
Առանձնակի կարևորելով պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների դերն ու նվիրումը իրենց մասնագիտական կայացման և ապագայի ձևավորման գործում՝ Սյունեն նշեց. «Մենք երախտապարտ ենք մեր բոլոր դասախոսներին, որոնք առաջնորդել են մեզ իրենց գիտելիքներով և փորձով, ընդլայնել մեր մտահորիզոնը և սերմանել ամբողջ կյանքի ընթացքում սովորելու ծարավը, ինչը շատերիս ուղղորդել է ուսումը շարունակելու ԵՊՀ-ում»:
Նշենք, որ եռօրյա շրջագայության ընթացքում ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները եղել են Անի, Մուշ, Վան, Կարս քաղաքներում՝ այցելելով պատմամշակութային վայրեր ու պատմական հուշարձաններ: