Ս․թ․ դեկտեմբերի 26-ին Հակոբ Մանանդյանի անվան լսարանում ամփոփվեցին Պատմության ֆակուլտետի և ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի ծոռնուհի Էլեոնորա Մանանդյանի համատեղ նախաձեռնությամբ հայտարարված Հակոբ Մանանդյանին նվիրված կենսագրական նյութի մրցույթի արդյունքները։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Մխիթար Գաբրիելյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ Հակոբ Մանանդյանը ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլև Պատմության ֆակուլտետի հիմնադիրներից է. «Անուրանալի է ակադեմիկոսի դերը Պատմության ֆակուլտետի հիմնադրման և կայացման գործում: Հակոբ Մանանդյանը կարող էր դասավանդել ժամանակի նշանավոր եվրոպական համալսարաններում, սակայն նախընտրեց գալ Հայաստան և իր օրինակով ցույց տալ, որ հայրենիքը ոչ թե խոսքով, այլ գործով են սիրում»:
Անդրադառնալով մրցույթին` Մ. Գաբրիելյանը նշեց. «Մրցույթի նպատակն է ունենալ Հակոբ Մանանդյան հայի ու գիտնականի մասին պատմող հնարավորինս ամբողջական և ընդգրկուն նյութ՝ ընթերցողին ցույց տալով, որ գործ ունենք ականավոր գիտնական-մանկավարժի հետ»:
Էլեոնորա Մանանդյանն ընդգծեց. «ԵՊՀ-ն հիմնադրվել է Հայոց ցեղասպանությունից հետո ծանրագույն պայմաններում: Ցանկանում ենք, որ համալսարանի հայրերից Հակոբ Մանանդյանը օրինակ դառնա, որ այսօր ոգեշնչվենք և ավելի կարևորենք կրթությունը»:
Նա հույս հայտնեց, որ երիտասարդ հետազոտողների ներգրավմամբ այսօրինակ նախաձեռնությունները կլինեն շարունակական։
Հանձնաժողովի գնահատման արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել «Մշակութաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Մերի Նազարյանը։ Շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմակերպիչներին՝ Մերին ընդգծեց, որ ամենայն պատասխանատվությամբ և բարեխղճորեն կփորձի կյանքի կոչել իր մտքերը և ավարտին հասցնել Հակոբ Մանանդյանին նվիրված կենսագրական նյութը։
Նշենք, որ մրցույթի հայտադիմումները գնահատելու նպատակով ձևավորվել էր հանձնաժողով, որի կազմում էին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, պ․գ․դ․ Էդիկ Մինասյանը, նույն ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Հովիկ Գրիգորյանը, Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Հայկ Մխոյանը և Էլեոնորա Մանանդյանը։