ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց «1920 թ. թուրք-հայկական պատերազմի արտացոլումը 1920-1940-ական թթ. հայկական մամուլում» խորագրով սեմինար, որի նպատակն էր ներկայացնել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարվող գիտական հետազոտության արդյունքները։
Հայկական մամուլի նյութերի ուսումնասիրումը կարևոր է ոչ միայն թուրք-հայկական պատերազմի նախօրյակին, ընթացքում ու դրանից հետո ռազմական գործողությունների լուսաբանման, այլև հայ հանրության շրջանում պատերազմի ու դրա հետևանքների ընկալման, հայկական ինքնության վրա դրանց ազդեցության տեսանկյունից։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի գրասենյակի ղեկավար-դեկանի տեղակալ, պ.գ.թ., դոցենտ Հայկ Մխոյանը նշեց. «Մամուլի հրապարակումները տվյալ ժամանակաշրջանի իրողությունների, մարդկանց պատկերացումների ներկայացումն են, որոնք հաճախ խորությամբ չեն ուսումնասիրվում։ Պատմաբանները գլխավորապես շրջանառության մեջ են դնում արխիվային փաստաթղթերը՝ հետազոտության շրջանակից դուրս թողնելով հրապարակախոսական նյութերը, ինչը կարելի է լրացնել մամուլի միջոցով»։
Զեկուցման շրջանակում Հ. Մխոյանը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական հասարակական տրամադրությունները։ Երկու ժողովուրդների խաղաղ գոյակցման խնդիրը մինչև 1920 թ. թուրք-հայկական պատերազմը լայնորեն արծարծվել է հայկական մամուլում։
«Հարևան ժողովուրդների բարեկամության, խաղաղ գոյակցության մասին ներկայում բավական շատ է խոսվում։ Հետաքրքիր է հետադարձ հայցքով դիտարկել հայ-թուրքական խաղաղ հարաբերությունների հնարավորությունները և դրանք խոչընդոտող հանգամանքները։ Այս բոլոր խնդիրներն իրենց արձագանքն են գտել մամուլում։ Նմանատիպ հրապարակումներ տեսնում ենք նաև արևմտահայ մամուլի էջերում։ Այսօրվա խոսույթը երբեմն էականորեն չի տարբերվում 1918-1920-ական թվականների քննարկումներից»,- ասաց բանախոսը։
Հայկ Մխոյանը, ամփոփելով իր ելույթը, նշեց, որ հրապարակումներում մեծ դերակատարություն ունեն զգացմունքները՝ պայմանավորված ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձություններով։
«Հայոց ցեղասպանությունը և հայ ժողովրդի ինքնապահպանման բնազդը խանգարում էին վստահել հարևան ժողովրդին։ Երկու երկրների լավ հարաբերությունները խոչընդոտող հանգամանքներ էին խաղաղ ժամանակների բացակայությունը, սոցիալ-տնտեսական բարդ կացությունը և մեծ Հայաստանի ստեղծման գաղափարը»,- ընդգծեց բանախոսը։
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Տիգրան Ղանալանյանն ուսումնասիրել է պատերազմի վերաբերյալ սփյուռքահայ մամուլի հրապարակումները։ Նա նշեց, որ սփյուռքահայ մամուլը դիտարկելով՝ նպատակ են ունեցել հասկանալու նաև սփյուռքյան շրջանակների ակնկալիքները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։
«Հետաքրքիր է, որ հայ իրականությանը, քաղաքական վերնախավին բնորոշ էր հնարավոր պատերազմից անիրատեսական սպասելիքներ ունենալը, գերագնահատվում էին սեփական հնարավորությունները և թերագնահատվում հակառակորդի ուժերը»,- հավելեց Տ. Ղանալանյանը։
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ներկայացնելով հետազոտության արդյունքները, նշեց. «Մամուլում հետաքրքիր և արժեքավոր հրապարակումներ կան ժամանակաշրջանի ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Մասնավորապես իմանում ենք, որ թուրքական կողմը դեռևս 1920 թ. ապրիլից պատրաստ էր հարձակման, սակայն ռուսական կողմը ձգձգում էր։ Հասկանալի է, որ Ռուսաստանի վերջնական նպատակը համաշխարհային հեղափոխության հաղթանակի հասնելն էր»։
Նշենք, որ ս.թ. մայիսի 23-ին և 24-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ նվիրված 1920 թ. թուրք-հայկական պատերազմի պատմությանը։