ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց «1920 թ. թուրք-հայկական պատերազմը» խորագրով միջազգային գիտաժողով, որի նպատակն էր ամփոփել շուրջ երեք տարվա ուսումնասիրության արդյունքները։ Ներկայացված զեկուցումները նախատեսվում է ամբողջացնել նյութերի ժողովածուի մեջ:
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթ» ծրագրի շրջանակում ԵՊՀ պատմության ֆակուլտետի հետազոտական խումբն անցկացրել է «1920 թ. թուրք–հայկական պատերազմի արտացոլումը 1920-1940–ական թթ. հայկական մամուլում» թեմայով հետազոտություն։
Ուսումնասիրության թեման որոշակի զուգահեռներ ունի մերօրյա իրողությունների, մասնավորապես 2020 թ․ Արցախյան երկրորդ պատերազմի հետ։ 44-օրյա պատերազմը հասարակական մեծ ուշադրություն բևեռեց շուրջ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած պատմական դեպքերի անբավարար ուսումնասիրվածությունը ևս կարող է պատճառ դառնալ նույն միտումների կրկնության համար։ Այժմ պատմագիտության ու հարակից գիտակարգերի մեթոդաբանությամբ նոր վերլուծությունները կարող են օգնել՝ հանգելու հնարավորինս առարկայական ու անկողմնակալ եզրակացությունների։
Ծրագրի գիտական ղեկավար, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանն ուսումնասիրել է «Մշակ» և «Յառաջ» պարբերականները, որոնք արժեքավոր մանրամասներ են պարունակում խնդրո առարկայի վերաբերյալ։ ԵՊՀ պրոֆեսորը զեկուցման ընթացքում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության դեմ թուրքական հարձակման և ռազմական գործողությունների ընթացքի հարցերի լուսաբանմանը։
Հետազոտական խմբի մյուս անդամներն են ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը, պատմության ֆակուլտետի գրասենյակի վարիչ, դեկանի տեղակալ, պ.գ.թ., դոցենտ Հայկ Մխոյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Տիգրան Ղանալանյանը։ Նրանցից յուրաքանչյուրը հետազոտությանը մասնակցել է կոնկրետ ուղղվածությամբ։
Մխիթար Գաբրիելյանը քննության է ենթարկել հայ-թուրքական հարաբերություններն ինքնության համատեքստում։ Վերջինիս ուսումնասիրության տիրույթում են նաև «ես»-ի և «մենք»-ի խնդիրները։ Հայկ Մխոյանը դիտարկել է Կոստանդնուպոլսի հայկական մամուլի հրապարակումները՝ ուսումնասիրելով հայ հանրության ընկալումները պատերազմի նախօրյակի և ընթացքի վերաբերյալ։ Տիգրան Ղանալանյանը հետազոտել է պատերազմի վերաբերյալ սփյուռքահայ մամուլի նյութերը՝ նպատակ ունենալով հասկանալ նաև սփյուռքի ակնկալիքները հայ-թուրքական հարաբերություններից:
Հավելենք, որ գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան մասնագետներ ոչ միայն Հայաստանից (Աշոտ Հայրունի (ԵՊՀ հայոց պատմության ամբիոն), Լիլիթ Հովհաննիսյան (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ) և այլք), այլև արտերկրից (Մաքսիմ Վերեմեյչիկ (Բելառուսի պետական համալսարան), Վահագն Ասրյան (ՌԴ հարավային դաշնային համալսարան) և այլք)։