.
TV Journalism
Master's programme
Ծրագրի նպատակներն են.
- պատրաստել հեռուստալրագրողներ, որոնք կաշխատեն կադրում և կադրից դուրս՝ հմտորեն կիրառելով ոլորտի առաջադեմ փորձն ու լրագրողական նոր պրակտիկաները ավանդական և առցանց հեռուստատեսությունում,
- զարգացնել հեռուստատեսությունում արտադրական գործընթացներ վերահսկելու և հետազոտահենք գործունեություն իրականացնելու կարողություններ,
- ձևավորել հեռուստակարիերա վարելու պրակտիկ և հետազոտական հմտություններ այսօրվա արագ փոփոխվող, բազմապրոֆիլ թվային մեդիադաշտում:
Ծրագրի կրթական վերջնարդյունքները
ա) Մասնագիտական գիտելիք և իմացություն.
Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում ուսանողն ունակ կլինի․
- ձևակերպելու մասնագիտության հիմնաքարային սկզբունքները և արդի մոտեցումները հեռուստալրագրության ոլորտում,
- նկարագրելու հեռուստատեսության (այդ թվում՝ առցանց) զարգացման օրինաչափությունները կոնվերգենտ մեդիայի համատեքստում,
- սահմանելու լրագրողական նոր պրակտիկաների դերն ու նշանակությունը հեռուստալրագրության ոլորտում, ինչպես նաև տեսալսողական բովանդակությանը ներկայացվող պահանջները,
- թվարկելու հեռարձակման ցանցի կազմակերպման նորարարական ձևերն ու մեթոդները, գաղափարներ մշակելու և տարածելու հնարավորություններն ու գործիքները,
- ներկայացնելու հեռուստաոլորտին առնչվող ժամանակակից տեսությունները, հետազոտական էթիկայի՝ միջազգայնորեն կիրառվող ուղենիշներն ու սկզբունքները։
բ) Գործնական (մասնագիտական) կարողություններ.
Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում ուսանողն ունակ կլինի․
- կիրառելու ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հեռուստաաշխատանքի նախարտադրական, արտադրական և հետարտադրական փուլերում՝ դրսևորելով ստեղծագործական լիդերին բնորոշ որակներ,
- կիրառելու պրոֆեսիոնալ երկխոսություն վարելու ավանդական և նորարարական մոտեցումներ հերոսների և զրուցավարների հետ շփման բոլոր փուլերում,
- պատրաստելու գրագետ տեսալսողական նյութեր՝ օգտագործելով պատմասության նոր պրակտիկաներ և կիրառելով պրոֆեսիոնալ ու մոբայլ գործիքներ,
- մշակելու գաղափարների իրագործման ռազմավարություն և վերահսկելու արտադրական գործընթացներ հեռուստատեսությունում և, առհասարակ, վիդեոարտադրության ոլորտում,
- կիրառելու ոլորտի առաջավոր սկզբունքներն ու մեթոդները տեխնիկական և ստեղծագործական խնդիրները գնահատելիս և վերլուծելիս, նոր և անծանոթ իրադրություններում լուծումներ փնտրելիս՝ արժևորելով փաստահենք որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը,
- կատարելու մասնագիտական ժամանակակից հիմնախնդիրներին վերաբերող հետազոտություններ՝ կիրառելով քննադատական մտածողության հմտություններ:
գ) Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ.
Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում ուսանողն ունակ կլինի․
- օգտվելու տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից միջոցներից նոր և (կամ) բարդ խնդիրները լուծելու համար,
- գնահատելու մասնագիտական պահանջմունքներն ու կազմելու թիմային աշխատանքի արդյունավետության բարձրացման գործողությունների պլան՝ կարևորելով ժամանակի ու ռեսուրսների ճիշտ օգտագործումն ու ռիսկերի կառավարումը,
- արժևորելու կրթության շարունակականության անհրաժեշտությունը՝ գնահատելով մասնագիտական զարգացման կարիքներն ու անձնային աճի հնարավորությունները:
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
«Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագիրը կիրականացվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ փոխգործակցությամբ, ինչը բացառիկ է դարձնում ծրագիրն ամբողջությամբ՝ բովանդակության, կազմակերպման, կրթական վերջնարդյունքների ու ակնկալիքների տեսանկյունից:
Պատմություններ փնտրելու, գաղափարներ առաջադրելու, մշակելու և իրականացնելու, փաստերն ուսումնասիրելու, (հարցա)զրույց վարելու, այդ ամենը տեսալսողական գրագետ և ուշագրավ ձևաչափով ներկայացնելու պարտադիր և ցանկալի կարողություններն ու հմտությունները, որոնք ձեռք կբերեն սովորողները, մեծ պահանջարկ ունեն մեդիահաղորդակցության, զանգվածային լրատվամիջոցների և մասնավորապես հեռուստատեսության ոլորտում: Ծրագրի ավարտին շրջանավարտները հեռուստաընկերություններում և տեսալսողական արտադրանք թողարկող առցանց լրատվամիջոցներում գործունեություն ծավալելու առավել մրցակցային և տեսանելի հնարավորություններ կունենան: Նրանք կարող են աշխատանքի անցնել ՀՀ-ում (մարզերում և մայրաքաղաքում) գործող հեռուստաընկերությունների տարբեր խմբագրություններում, ինչպես նաև այն առցանց լրատվամիջոցներում, որտեղ ակտիվ է վիդեոբովանդակության բաժինը:
Կադրում և կադրից դուրս աշխատելու մասնագիտական կարողությունները մեծ կողմնորոշիչ կլինեն նաև նրանց համար, ովքեր աշխատանքի կանցնեն ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի,ՀՀ նախարարությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումներում և այլուր։
Հեռուստալրագրության ոլորտի պրակտիկ հմտություններն ու առաջավոր փորձի մասին իմացությունը մեծապես կօգնեն սովորողներին տարբեր կազմակերպությունների և ընկերությունների գովազդային, սոցիալական մեդիամարքեթինգի (SMM) ոլորտներում գործունեություն ծավալելիս, մասնավորապես տեսալսողական բովանդակություն մշակելու, սցենար գրելու, կարճ տեսանյութեր պատրաստելու և այդ գործընթացները կառավարելու փուլերում:
Հետազոտահենք կարողությունները կօգնեն համակարգային մոտենալ հեռուստաարտադրանքի ստեղծմանը. մեդիափոխակերպումների արդյունքում ձևավորված «բովանդակություն՝ ցպահանջ» իրողության պայմաններում շրջանավարտները կկարողանան ոչ միայն պատրաստել գրագետ և ուշագրավ վիդեոբովանդակություն ավանդական և առցանց հեռուստալսարանի համար, այլև ունակ կլինեն կառավարելու արտադրական գործընթացներ և դրսևորելու ստեղծագործական լիդերին հատուկ որակներ, հստակորեն կպատկերացնեն ոլորտի շարժընթացները, կարժևորեն տվյալահենք որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը և թիմի կարիքները գնահատելու կարևորությունը:
Առցանց մեդիահարթակներում հեռարձակվող հաղորդաշարերը ևս կարող են դառնալ աշխատանքային հարթակ շրջանավարտների համար: Տեսալսողական արտադրանք թողարկելու համար անհրաժեշտ հմտությունները, որոնք ձեռք կբերեն սովորողները, հնարավորություն կտան պատրաստելու և մատուցելու որակյալ այլընտրանք այդ մեդիատարածքներում գոյություն ունեցող վիդեոկոնտենտին: Նրանք կարող են հանդես գալ նաև հեղինակային նախագծերով՝ ոլորտում նոր ասելիք և ոճ ներկայացնելու արդարացի հավակնություններով:
Մասնագիտական պրակտիկան
Ուսումնառության երկու կիսամյակների ընթացքում սովորողները կհմտանան հեռուստաարտադրանքի թողարկման նախաարտադրական, արտադրական և հետարտադրական աշխատանքներում՝ հեռուստախմբագրությունների ձև և բովանդակություն ունեցող դասաժամերի ընթացքում (ժուռնալիստիկայի ֆակուլտետում, Հանրային և առաջատար այլ հեռուստաընկերությունների տաղավարներում և ստուդիաներում, վիդեոբովանդակությամբ հարուստ առցանց լրատվամիջոցների խմբագրություններում): Մասնագիտական պրակտիկան ևս կկազմակերպվի հեռուստաընկերություններում և առցանց պարբերականներում, որը կունենա շարունակական բնույթ: Դասավանդողները լրատվամիջոցների աշխատակիցների հետ միասին ուսանողներին մասնակից կդարձնեն պրակտիկ աշխատանքներին՝ խրախուսելով արտալսարանային միջավայրում իրականացվող կրթությունն ու ինքնակրթությունը: Ուսանողները կներգրավվեն թեմաների ընտրության և դասակարգման, փաստերի որոնման և ստուգման, հարցազրույցների անցկացման, ձայնագրման, նկարահանման և խմբագրման աշխատանքներում: Նրանք նաև կմասնակցեն գաղափարների իրագործման ռազմավարություն մշակելու, գործընթացներ կառավարելու աշխատանքներին՝ փորձելով աջակցել խմբագրության աշխատակիցներին տվյալահենք գործունեություն ծավալելով:
Կիրառելով մոբայլ լրագրության վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները՝ ուսանողները ինքնուրույն կնկարահանեն տեսանյութ, կխմբագրեն այն՝ օգտագործելով մոնտաժային հավելվածներ, միաժամանակ հմտանալով նաև առցանց տարածքում տեսալսողական արտադրանք թողարկելու և, ընդհանուր առմամբ, մուլտիմեդիա սթորիթելինգի տեխնիկական և ստեղծագործական աշխատանքներում: Այս ամենին զուգահեռ՝ սովորողները կծանոթանան ոլորտի առաջավոր փորձին նաև վարպետության դասերի (մաստեր կլասների) միջոցով՝ համադրելով այդ ամենը սեփական աշխատանքով ձեռք բերված փորձի հետ, ինչի արդյունքում կձևավորեն «հոտառություն» ու կամք՝ շարունակելու աշխատանքը կատարելագործվելու և եզակի ձեռագիր ստեղծելու ուղղությամբ:
Ծրագրի ձևաչափը
«Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագիրը պրակտիկ և հետազոտահենք «TV լաբ» է, որտեղ ուսանողները ֆակուլտետի դասախոսների, Հայաստանի հանրային հեռուստաընկերության և առաջատար այլ մեդիաընկերությունների փորձառու մասնագետների անմիջական մասնակցությամբ կզարգացնեն կադրում և կադրից դուրս աշխատելու վարպետությունը՝ կիրառելով ոլորտի առաջադեմ փորձը պրակտիկ և հետազոտական ոլորտներում:
Ծրագրի առանձնահատկությունները
- Դուք կսովորեք համագործակցային ակտիվ ուսումնառության միջավայրում՝ մասնակցելով գիտելիք և հմտություն ստեղծելու, մշակելու և պահպանելու գործընթացներին, դառնալով կրթական բովանդակության համահեղինակ:
- Ակտիվորեն կներգրավվեք փորձարարական ձևաչափի դասընթացներում. նյուզռումային դասապրոցես, երկու դասախոսի միաժամանակյա ներկայություն լսարանում, խոսքի վարպետության ինտենսիվ դասաժամեր։
- Հաղորդակից կդառնաք հեռուստաարտադրանքի թողարկման գործընթացին թե՛ ԵՊՀ #Ժուռֆակ-ի ինովացիոն մեդիակենտրոնում և փորձարարական հեռուստաստուդիայում, թե՛ ՀՀ առաջատար հեռուստաընկերությունների և առցանց լրատվամիջոցների տաղավարներում:
- Կծանոթանաք հեռուստաոլորտին առնչվող ժամանակակից տեսություններին, հետազոտական էթիկայի՝ միջազգայնորեն կիրառվող ուղենիշներին ու սկզբունքներին: