«Այն մարդը, որը չգիտի գեթ մեկ օտար լեզու, չգիտի ոչինչ ինքն իր մասին»․ այսպես է ասել գերմանացի մեծանուն քնարերգու, գերմանական նոր գրականության հիմնադիրներից Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն։
Այսօր աշխարհում խոսում են ավելի քան 7000 լեզվով, սակայն ժամանակակից մարդը միջինում տիրապետում է 2 օտար լեզվի, իսկ որոշ դեպքերում՝ նաև ավելի լեզուների։
Սլավոնական ամենատարածված լեզուներից է ռուսերենը, որով խոսում է ավելի քան 270 միլիոն մարդ, ինչն ապացուցում է արդյունավետ հաղորդակցվելու և մշակութային նոր հորիզոններ բացահայտելու հեռանկարների առկայությունը։
Ռուսերեն սովորելու գլխավոր առավելություններից է ռուսական մշակույթին և ռուս գրականության գլուխգործոցներին անմիջաբար ծանոթանալու հնարավորությունը, իսկ այդ ամենը հնարավոր է իրականություն դարձնել՝ ուսանելով Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում։
Եռաստիճան կրթական համակարգ առաջարկող (բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական) Ռուս բանասիրության ֆակուլտետում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ տարատեսակ ուղղություններով, այդ թվում՝ ռուսաց լեզվի տեսության և դասավանդման մեթոդիկա, համեմատական-զուգադրական քերականություն, ռուս գրականության պատմություն, ռուս-հայկական գրական կապեր, թարգմանության տեսություն և պրակտիկա:
Ֆակուլտետի դասավանդման ծրագրերում ներառված է հունարենի, չեխերենի, լեհերենի, բուլղարերենի խորացված ուսուցում։ Ուսանողները, մասնակցելով մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին, հնարավորություն կունենան ձեռք բերելու նաև մանկավարժի որակավորում։
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները, մասնակցելով փոխանակման ծրագրերի, հնարավորություն կունենան իրենց ուսումը շարունակելու Հունաստանում և Լեհաստանում՝ զարգացնելով մասնագիտական հմտություններն ու կարողությունները:
Ֆակուլտետը գործակցում է ՌԴ մի շարք համալսարանների և գիտական հաստատությունների, ինչպես նաև շատ այլ երկրների ռուսագիտական կենտրոնների հետ:
Նշենք, որ ֆակուլտետի «Русская филология» պարբերականը ներառված է ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի գիտական պարբերականների ցանկում։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Անի Սուքիասյան