Նպատակ ունենալով ամրապնդելու միջազգային համագործակցությունը՝ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը հյուրընկալեց Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) սլավոնական բանասիրության բաժնի գիտաշխատող Մարտին Հենցելմանին, որը ներկայացրեց «Ռուսաց լեզվի նշանակությունը Հայաստանի հասարակության մեջ» խորագրով դասախոսություն։
Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Դիանա Գազարովան, խոսելով գործակցային կապերի ամրապնդման և դասախոսությունների կարևորության մասին, շեշտեց, որ ուսանողների համար նմանօրինակ հանդիպումները չափազանց կարևոր և ոգևորիչ են:
«Տարբեր երկրներում օտար լեզու դասավանդելն ունի իր յուրահատկությունները։ Այս առումով հետաքրքիր և առանձնահատուկ է նաև արտասահմանցի բանախոսի դասախոսությունը Հայաստանի մասին: Միջազգային համագործակցության ընդլայնման համար ֆակուլտետը մշտապես կարևորել է հրավիրյալ դասախոսների այցերը. ունեցել ենք տարբեր երկրներից այցելու պրոֆեսորներ, որոնք տարատեսակ նոր մեթոդներով դասախոսություններ են կարդացել: Այսօրինակ համագործակցությունները կլինեն շարունակական, ինտենսիվ և արդյունավետ»,- ընդգծեց ֆակուլտետի դեկանը:
Ներկայացնելով միջազգային համագործակցության նախապատմությունը՝ Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Լ. Բրուտյանը նշեց, որ 2023 թ․ հունիսին Մարտին Հենցելմանը ԵՊՀ էր եկել երկու համալսարանների միջև գործող «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում: Գիտաշխատողն այստեղ կատարել էր իր հետազոտությունը, ծանոթացել ԵՊՀ ռուսական կենտրոնին, գրադարանին, մասնակցել միջազգային գիտաժողովի:
Մարտին Հենցելմանը, խոսելով դասախոսության թեմայի և արդիականության մասին, շեշտեց, որ անհրաժեշտ է հստակորեն ընկալել ոչ միայն օտար լեզուների գոյություն ունենալու փաստը, այլև լեզուները կիրառելու նշանակությունը:
«Մենք տեսնում ենք, որ հայերենի կողքին օգտագործվում են անգլերենը, ռուսերենը։ Սակայն, օրինակ, ռեստորաններում հաճախորդներ չկորցնելու համար օգտագործվում են նաև այլ լեզուներ․ սա միայն մեկ օրինակ է՝ կապված արդիականության հետ։ Թեման ինձ շատ է հետաքրքրում, հատկապես այն, թե ինչպես է օգտագործվում ռուսերենը Հայաստանի հասարակության մեջ»,- նշեց Մ. Հենցելմանը:
Դասախոսության ժամանակ գիտաշխատողը բերեց արձանագրությունների, հաստատությունների, ապրանքների, ինչպես նաև զբոսաշրջիկների համար նախատեսված տեղեկատվության օրինակներ, որոնք պարունակում են երկու կամ երեք լեզվով գրվածքներ:
Ամփոփելով թեման՝ բանախոսը հեռանկարային համարեց ԵՊՀ-ի հետ համագործակցության շարունակականությունը: