ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում հուլիսի 3-ին տեղի ունեցավ ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
Մինչ միջոցառման մեկնարկը ֆակուլտետի ղեկավարությունն անդրադարձավ մեկ այլ իրադարձության՝ ԵՊՀ 105-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսին: ԵՊՀ ռեկտորի անունից շնորհակալագրերով պարգևատրվեցին ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները՝ ընթացիկ տարվա մայիսի 16-ին տեղի ունեցած ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար:
Հետայդու մեկնարկեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորական խոսքով հանդես եկավ Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան: Նա շրջանավարտներին մաղթեց կանաչ ճանապարհ և նկատեց, որ բանասիրական կրթությունը ոչ միայն լեզվաբանության և գրականության գիտելիքներ է տվել, այլև սովորեցրել է իրականությունը տարբեր կողմերից ընկալելու մշակույթ: Նա հիշեցրեց, որ ճիշտ հաղորդակցությունը հաջողության բանալի է:
Շնորհավորանքներին միացան նաև ֆակուլտետի դասախոսները: Ռուս գրականության ամբիոնի վարիչ Աշխեն Աթանեսյանը նշեց, որ ֆակուլտետում անցկացրած տարիների ընթացքում ուսանողները հարստացել են ոչ միայն գիտելիքներով, այլև հոգևոր արժեքներով: Նա շրջանավարտներին մաղթեց բարեկեցություն, բարգավաճում, սեր և երջանիկ ապագա:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիաննա Մաթևոսյանը բոլորին մաղթեց անձնական երջանկություն և մասնագիտական հաջողություններ: Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Նաիրա Մարտիրյանն էլ նկատեց, որ ուսումնառության տարիները ոչ միայն դասախոսների և ուսանողների, այլև նրանց ծնողների երկար տարիների քրտնաջան աշխատանքն է: «Հիշեք՝ համալսարանի և ֆակուլտետի դռները միշտ բաց են ձեր առջև»,– նշեց Ն․ Մարտիրյանը:
«Կանգ մի՛ առեք. միշտ փորձեք հասնել ամենաբարձր մակարդակին ցանկացած ոլորտում, որտեղ որ կաշխատեք»,– շրջանավարտներին մաղթեց ռուս գրականության ամբիոնի դոցենտ Լևոն Հակոբյանը։
Նորընծա բանասերներին շնորհավորեց նաև Ռուս բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ, համընթաց (սինխրոն) թարգմանիչ, «Աորիստ» թարգմանչական ընկերության հիմնադիր Անի Անանյանը: Նա շրջանավարտներին գործնական խորհուրդներ տվեց, որոնք օգտակար կլինեն վերջիններիս կարիերայում:
Շրջանավարտներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ֆակուլտետի ղեկավարությանը և իրենց դասախոսներին՝ գիտելիքների, համբերատարության, աջակցության, նրբանկատության և բոլոր նախաձեռնություններում արժեքավոր խորհուրդների և աջակցության համար:
«Մեր սիրելի ֆակուլտետը դարձավ մեր երկրորդ տունը, այս չորս տարիների ընթացքում մեր ժամանակի մեծ մասն այստեղ ենք անցկացրել, և ես վստահ եմ` մեզանից ոչ մեկը ոչ մի վայրկյան չի զղջացել կատարած ընտրության համար»,– դիպլոմների հանձնման արարողության ավարտին ասաց բակալավրիատի շրջանավարտ Կարինե Ղազարյանը: