Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը հյուրընկալեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսների և ուսանողների։ Դեսպանատանը կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին ՉԺՀ դիվանագիտության առանձնահատկությունները, հայ-չինական հարաբերությունները, Չինաստանի զարգացման ուղին և մի շարք այլ թեմաներ:
Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը, անդրադառնալով երկու պետությունների միջև դիվանագիտական կապերի ամրապնդման գործում մշակութային փոխանակման կարևորությանը, նշեց, որ այսօրինակ հանդիպումները ոչ միայն ընդլայնում են գործակցային հեռանկարները, այլև ճանապարհ են հարթում նոր կապերի ստեղծման և փոխըմբռնման համար:
Դեսպան Ֆան Յոնի և նրա գործընկերների հետ հանդիպումը հնարավորություն տվեց ուսանողներին ծանոթանալու փորձառու դիվանագետների մասնագիտական փորձին, պատկերացում կազմելու դիվանագիտական հարաբերությունների նրբությունների ոլորտում անհրաժեշտ հմտությունների, որակների և առկա դժվարությունների մասին:
Այս հանդիպումը հետաքրքրական և ուսուցողական էր ԵՊՀ ուսանողների համար, որոնցից շատերը դիվանագիտական գործունեություն ծավալելու նպատակ ունեն: