2023թ. մարտի 9-ին միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնում ընդունեց «Դիալոգ» մոսկովյան հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին: Հանդիպմանը մասնակցում էին ֆակուլտետի դեկանի տեղակալ, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժակ Մանուկյանը, միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ, ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը և կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արամ Սաֆարյանը:
Ջերմ և գործնական աշխույժ մթնոլորտում անցած քննարկման ընթացքում երկուստեք կարևորվեց Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գործունեությունը գիտափորձագիտական դաշտում, որպես Հայաստանի և Ռուսաստանի ճանաչված գիտնականներին և հետազոտողներին համախմբող ներկայանալի հարթակ հայ-ռուսական հարաբերությունները գիտական անաչառ ուսումնասիրության և վերլուծության ենթարկելու համար:
Յու.Նավոյանը պատմեց, թե ինչպես է իր ջանքերով Մոսկվայի «Բիբլիո գլոբուս» խոշորագույն գրախանութի շրջանակում ստեղծվել Հայաստան-Ռուսաստան ակումբը, որի առաջին միջոցառման ժամանակ փետրվարի 27-ին հանգամանորեն ներկայացվել է Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի 2022թ. սեպտեմբերին հրատարակած «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ընտիր էջեր» գիտական հոդվածների ժողովածուն հայերեն և ռուսերեն լեզուներով: Գիրքը մեծ ուշադրության է արժանացել հավաքված դիվանագետների, քաղաքական ու հասարակական գործիչների և լրագրողների շրջանում:
Զրուցակիցները կարևորեցին Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի և «Դիալոգ» կազմակերպության համագործակցությունը անընդհատ զարգացնելու և խորացնելու կարևորությունը: Հատուկ նշվեց, որ «Դիալոգը» կարող է օգտակար լինել Հայաստան ժամանող նշանավոր գիտնականների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հանդիպումները համալսարանական երիտասարդության հետ կազմակերպելու գործում:
Վերջում Յուրի Նավոյանը կենտրոնին նվիրեց «Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դածնություն. Դաշնակցային փոխգործակցության 30 տարի: Պայմանագրերի և համաձայնագրերի ժողովածուի» առաջին և երկրորդ հատորները, որոնք տպագրվել են 1000 տպաքանակով: Նախատեսվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի բոլոր խոշոր պետական կառավարման մարմինները, համալսարանները, ակադեմիական կենտրոնները և ԶԼՄ-ները կստանան իրենց օրինակները, ինչը կօգնի հայ-ռուսական հարաբերությունների պատմության և ներկայի որակյալ ուսումնասիրության գործին: