ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը հյուրընկալել էր ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության դեսպանության լիազոր ներկայացուցչության ռեզիդենտ ներկայացուցիչ Սանդրա Սանտանային: Այցի շրջանակում ռեզիդենտ ներկայացուցիչը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի իսպանախոս ուսանողների համար կարդաց դասախոսություն՝ «Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր» խորագրով: Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխան, որի շրջանակում ուսանողներն ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Ուսանողների հարցերից տպավորված հյուրը նշեց, որ իրեն գրավեց ոչ միայն նրանց՝ լեզվական գիտելիքների գերազանց իմացությունը, այլև թեմայի հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը. «Ես անպայման կվերադառնամ ձեր ֆակուլտետ՝ մանրամասն պատմելու Դոմինիկյան Հանրապետության մասին»,- ասաց բանախոսը:
Հանդիպումը, որին ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները, անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում: