ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը հյուրընկալել է Նոր Զելանդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Օքլենդի մասնաճյուղի նախագահ, Պաշտպանության և անվտանգության հետազոտությունների կենտրոնի նախկին տնօրեն և ԽՍՀՄ երկարամյա դիվանագետ, Նոր Զելանդիայի Մասսի համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ազիզյանը։
Պրոֆեսոր Ազիզյանը ՀՀ ԱԳՆ հրավերով Հայաստանում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Նա ԵՊՀ այցելելու մեծ ցանկություն է հայտնել։
Ռուբեն Ազիզյանը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի համար դասախոսություն կարդաց փոքր պետությունների հնարավորությունների, դերի, արտաքին քաղաքական առաջնահերթությունների, աշխարհաքաղաքական դիրքավորման մասին՝ ներկայացնելով Նոր Զելանդիայի փորձն ու փոխհարաբերություններն ուժային կենտրոնների հետ։