Ս.թ. նոյեմբերի 14-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության ավարտական կուրսի մի խումբ ուսանողներ «Բիզնեսի պլանավորում և կազմակերպում» դասընթացի շրջանակում մասնակցեցին «Buissup» կոնֆերանսին, որն այս տարի անցկացվեց «Բացահայտելով բիզնես թրենդերը» խորագրով։
«Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (GEW Armenia 2023» շրջանակում անցկացված կոնֆերանսին ելույթ ունեցան և պանելային քննարկումներին մասնակցեցին Հայաստանի հանրահայտ ընկերությունների հիմնադիրներ և գործադիր տնօրեններ:
Քննարկումների շրջանակը ներառում էր «Տիտանների ճակատամարտ. առցանց բիզնեսն ընդդեմ անցանցի», «Ճկուն ընթացակարգեր, հեռավա՞ր, թե՞ գրասենյակային աշխատանք», «Շինարարական բում. ինչպե՞ս դիմակայել մեծ մրցակցությանը», «Հաջողության պատմություններ ռեստորանային բիզնեսում» և այլ թեմաներ։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կրթական գործընթացին զուգահեռ՝ մեծ ուշադրություն է դարձվում նաև ուսանողների արտալսարանային կյանքին ու գործունեությանը: Ուսանողների համար պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ոլորտի փորձառու մասնագետների, հանրային գործիչների, մեծանուն գիտնականների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: