ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների համար «Ստարտափ. արհեստական բանականության ներկայիս զարգացումները և դրանց հնարավորությունները» թեմայով վարպետության դաս անցկացրեց տնտեսագիտության թեկնածու Դավիթ Աբգարյանը։
Բանախոսը, որը նաև մի քանի ստարտափ ծրագրերի հիմնադիր է, վարպետության դասի շրջանակում ուսանողներին ներկայացրեց, թե ինչ է ստարտափը, ինչպես այն զարգացնել ու վերածել հաջողակ բիզնեսի: Նա ուսանողներին պատմեց իր փորձից՝ անդրադառնալով նաև ստարտափի ստեղծման տարբեր փուլերում ներդրումներ ներգրավելու և գաղափարը ներդրողներին ներկայացնելու հմտություններին:
Մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման հարցում կարևորելով ինքնակրթությունն ու ընթերցանությունը՝ Դավիթ Աբգարյանն ուսանողներին խորհուրդ տվեց մի շարք մասնագիտական մեթոդներ և ընթերցանության համար առաջարկեց գրքերի ցանկ։ Դասընթացի ժամանակ քննարկվեցին նաև արհեստական բանականության հնարավորությունները և կիրառումն առօրյա կյանքում։
Հանդիպումն անցավ հետաքրքիր ու բովանդակալից, բանախոսը պատասխանեց նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին։
Նշենք, որ վարպետության դասը կազմակերպվեց «Բիզնեսի պլանավորում և կազմակերպում» դասընթացի շրջանակում՝ պրոֆեսոր Ա. Սարիբեկյանի նախաձեռնությամբ։