ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հանդես եկավ «Բիզնեսի թվայնացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով հանրային դասախոսությամբ, որի նպատակն էր ուսանողներին ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, բիզնես գործընթացներում թվային վերափոխումների անառարկելի անհրաժեշտության և կարևորության հարցերը։
Բիզնեսի թվայնացումը հեղափոխական հնարավորություներ է ստեղծում՝ կառուցելու ավելի ժամանակակից բիզնես մոդելներ, ներգրավելու եկամուտների ձևավորման նոր արդյունավետ խողովակներ՝ բարձրացնելով բիզնես գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, ինչպես նաև բիզնեսի մրցունակությունը։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ թվային գործիքները գերիշխող են դարձել ժամանակակից հասարակական կյանքում և բիզնեսում։ Դասախոսության թեման ընտրվել է՝ հաշվի առնելով վերջին տարիներին թվայնացման ուղղությամբ «Վիվա-ՄՏՍ» ընկերության արձանագրած առաջընթացն ու զարգացումը, թվայնացման էական նշանակությունը բիզնեսում, ինչպես նաև այն իրողությունը, որ այսօր առանց թվայնացման գործիքների անհնար է պատկերացնել որևէ ոլորտ։
«Մենք շատ ենք կարևորում, որ լսարանային պարապմունքներից բացի՝ ուսանողները կարողանան հաղորդակից լինել ոլորտում տեղի ունեցող մասնագիտական զարգացումներին՝ առաջին ձեռքից ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն։ Մասնավոր խոշոր ընկերությունների ղեկավարները լավագույնս կարող են դա անել։ Այս ամենը հաշվի առնելով՝ հերթական հանդիպումը որոշեցինք կազմակերպել «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի հետ»,- ընդգծեց Կ․ Խաչատրյանը։
Դասախոսության ժամանակ բանախոսը ներկայացրեց բիզնեսի թվայնացումը՝ որպես զարգացման ժամանակակից ռազմավարական ուղղություն և անդրադարձավ թվային աշխարհում ձեռքբերումներ ունեցող, ՀՀ-ում մեծ հաջողություններ արձանագրած «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ-ի փորձին ու զարգացման պատմությանը։ Ա․ Ավետիսյանը տեղեկացրեց, որ «Վիվա-ՄՏՍ»-ը հեռահաղորդակցության օպերատորից անցում է կատարել թվային ծառայություններ մատուցող ընկերության։
«Թվային փոխակերպումը ստեղծում է տեխնոլոգիական հիմք ավելի զարգացած բիզնես լուծումների ներդրման հնարավորության համար։ Վերջին տարիներին մեր ընկերությունը մեծ փորձառություն է ձեռք բերել թվայնացման ոլորտում, և մենք պատրաստ ենք պատմել մեր փորձի մասին»,- ասաց Ա․ Ավետիսյանը՝ հավելելով, որ ընկերությունը տարեցտարի զարգացնում և կատարելագործում է իր հնարավորությունների շրջանակը, ինչը դրական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա։
Բազմաթիվ ընկերությունների օրինակներ մատնանշելով՝ բանախոսն անդրադարձավ թվային աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին՝ ընդգծելով բիզնեսի թվայնացման կարևորությունն ու թվայնացման շնորհիվ կենսակերպը հեշտացնելու հանգամանքը։ Նա փաստեց, որ թվայնացման հասունության բարձր աստիճան ունեցող ընկերություններն այսօր հայտնվել են ավելի շահեկան դիրքերում և հեշտ են դիմակայում մարտահրավերներին։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, կարևորելով նմանօրինակ հանդիպումները, շեշտեց, որ բիզնես աշխարհի գործատուների, տնտեսավարող սուբյեկտների հետ հանդիպում-դասախոսությունները զարգացնում են ուսանողների գործնական հմտությունները․ «Ուրախալի է, որ բիզնես աշխարհի ներկայացուցիչների հետաքրքրությունը մեծ է կադրերի պատրաստման, ներգրավման հարցում, և իրենք ևս ցանկանում են հարաբերություններն ակտիվացնել բուհերի հետ․ մեր շահերը, կարելի է ասել, մեկտեղվել են։ Նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական, որովհետև դրանք կրթական գործընթացի կարևոր բաղկացուցիչներից են»։
Հավելենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ և հյուրեր։ Բանախոսը պատասխանեց նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին։