ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը, կարևորելով բուհ-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, նպատակ հետապնդելով բարձրացնելու ստարտափ էկոհամակարգի արդյունավետությունը և բարձրագույն որակավորմամբ համապատասխան մասնագետների պատրաստումը, ստորագրել են համագործակցության եռակողմ համաձայնագիր։
![Ստարտափների վերաբերյալ գիտելիքների ու հմտությունների զարգացման հեռանկար ԵՊՀ-ում․ կնքվել է համագործակցության համաձայնագիր](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-12/startapneri_veraberyal_gitelikneri_ow_hmtowtyownneri_zargatsman_herankar_eph-owm._knkvel_e_hamagorcaktsowtyan_hamajaynagir_1.jpg?itok=8QgCbZP0)
Կողմերի խոսքով՝ համագործակցության արդյունքում ԵՊՀ-ի՝ ի դեմս ֆակուլտետի մասնագիտական ներուժի, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում կուտակված փորձի ու կարողության համադրմամբ հնարավոր կլինի նպաստել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսության նորարարական ճյուղերի զարգացմանը, իսկ գիտականորեն հիմնավորված որոշումների ընդունումն անհրաժեշտ հիմքեր կստեղծի ստարտափ էկոհամակարգի կատարելագործման համար։
Համաձայնագրով նախատեսվում է համատեղ մշակել ու իրականացնել ստարտափ էկոհամակարգի տարբեր բաղադրիչներին առնչվող կրթական ծրագրեր, այդ թվում՝ «Ստարտափների կառավարում» մագիստրոսական ծրագրի համատեղ իրագործում։ Բացի դրանից՝ ակնկալվում է համատեղ մշակել ու իրականացնել ԵՊՀ-ում ձևավորվող նորարարական գաղափարների, ստեղծվող ստարտափների և բիզնես միավորների խթանման ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել ուսանողների պրակտիկան կազմակերպությունում։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-12/03_7.jpg?itok=875ClnOC)
Համագործակցության շրջանակում կազմակերպվելու են վերապատրաստումներ, բաց դասեր, համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կլոր սեղաններ, սեմինարների և այլ ձևաչափով քննարկումներ։ Բացի դրանից՝ իրականացվելու են համատեղ հետազոտական նախագծեր, հրատարակվելու են ստարտափ էկոհամակարգին, ինչպես նաև նորարարություններին առնչվող այլ հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտություններ, զեկույցներ, հոդվածներ, ժողովածուներ, գիտակրթական ու գիտագործնական նյութեր։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-12/07_2.jpg?itok=8mSe6I2Y)
Կողմերը վստահ են, որ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա ինչպես համալսարանի, այնպես էլ հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացման վրա: