Ս.թ. մարտի 27-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Կառավարում» և «Տնտեսագիտություն» բակալավրի կրթական ծրագրերի ուսանողները հերթական արտալսարանային դասն անցկացրին «Evocabank» ՓԲԸ-ում:
Արտալսարանային դասի շրջանակում «Evocabank»-ի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդանյանը ուսանողներին ներկայացրեց «Evocabank»-ում մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկությունները, մասնավորապես աշխատակիցների հավաքագրման, ընտրության, վարձատրության, զարգացման և մոտիվացման համակարգերը:
Տաթևիկ Վարդանյանն առանձնակի անդրադարձավ աշխատանքային կարիերան նոր սկսող աշխատակիցների՝ միջավայրին հարմարվելու խնդիրներին, ինչը, ըստ նրա, բանկի կորպորատիվ մշակույթի կարևոր տարրերից է:
Ինտերակտիվ քննարկման արդյունքում ուսանողները ծանոթացան մի շարք հմտությունների, որոնք առաջնային են աշխատանքի ընդունվելու գործընթացում: Ներկայացվեցին «Evocabank»-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերը, այդ թվում՝ «EvocaLab» ծրագիրը, որն ուսանողներին հնարավորություն կտա փորձ ձեռք բերելու, ինչպես նաև լավ արդյունքներ գրանցելու պարագայում դառնալու «Evoca» թիմի անդամ: