Ս.թ. ապրիլի 18֊ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության երկրորդ կուրսում դասախոսություն կարդաց հրավիրյալ բանախոս, «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա» ընկերության ավագ ներդրումային խորհրդատու Հայկ Մանուկյանը:
Բանախոսության շրջանակում ներկայացվեցին ներդրումների ու խնայողության տարբերությունները, ներդրումային ընկերությունների և ինստիտուտների դերը ֆոնդային բորսաներում, ժամանակակից ներդրումային գործիքները և բանկերի ներդրումային գործառույթները:
Հանդիպումը անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով, որի ժամանակ բազմաթիվ հարցեր հնչեցրին թե՛ ուսանողները, թե՛ հանդիպմանը մասնակից դասախոսները: Ուսանողները փորձեցին գտնել այն հարցի պատասխանը, թե որտեղից պետք է սկսել ներդրումներ կատարել: Հ․ Մանուկյանը ուսանողներին բացատրեց, թե ինչպես, գտնվելով ՀՀ-ում, կարելի է մուտք գործել Նյու Յորքի, Լոնդոնի, Չիկագոյի ու այլ խոշորագույն ֆոնդային բորսաներ, արժեթղթերի շուկայում կատարել ներդրումներ ու դառնալ, օրինակ, համաշխարհային ընկերություններից մեկի համասեփականատեր:
Նշենք, որ «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն Հայաստանի կենտրոնական բանկի կողմից լիցենզացորված ֆինանսական կազմակերպություն է՝ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություն։