Ս.թ. ապրիլի 18-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներն այցելեցին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»։
Այցի շրջանակում ուսանողները մասնակցեցին հատուկ էքսկուրսիայի կոմբինատի՝ դեռևս շուստովյան ժամանակաշրջանում կառուցված վարչական շենքում, որն այսօր վերածվել է թանգարանի։ Նրանք ծանոթացան կոմբինատում արտադրված գինու և կոնյակի տեսականուն, հայկական կոնյակագործության պատմությանը, ինչպես նաև տեղեկացան այն տաղանդավոր մարդկանց մասին, որոնք ներդրում են ունեցել գործարանի զարգացման գործում: Ուսանողներն այցելեցին նաև գործարանի մառաններ, որտեղ կաղնե տակառներում պահվում են տարբեր տարիների հնեցման գինիներ և կոնյակներ։
Ուսանողների այցը կազմակերպվել է Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս Վարդուհի Գաբրիելյանի ուղեկցությամբ։
Նշենք, որ ուսանողական կյանքն ավելի հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար ֆակուլտետում հաճախ են կազմակերպվում նմանօրինակ ճանաչողական այցեր, հանդիպումներ և միջոցառումներ: