Ցուցահանդեսը մեկ հարկի տակ համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին։ «ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ստացան ծանոթանալու Ֆակուլտետի մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ին ներկա էին նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը, ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանը, դեկանի տեղակալ, դոցենտ Նարինե Միրզոյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ և ուսանողներ:
Արդեն երկրորդ տարին է, ինչ «ԲանՈՒԳործ» էքսպոն անցկացվում է մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնադրման օրը: Այն երկու հիմնական բաղադրիչներից կազմված ցուցահանդես է․ կարիերայի տոնավաճառում ներկայացված են ԵՊՀ գործընկերները՝ ուսանողներին ծանոթացնելով փորձնակության, աշխատանքի ընդունման հնարավորություններին, աշխատաշուկայի հիմնական միտումներին:
Կրթական տոնավաճառի նպատակը կրթական ստորաբաժանումների տաղավարների միջոցով դիմորդներին ծանոթացնելն է ԵՊՀ կրթական ծրագրերին և հեռանկարներին:
Ցուցահանդեսի երկու բաղադրիչները կապվում են միմյանց՝ յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու մասնագիտություններին և ոլորտում տեղայնացվելու հնարավորություններին:
Միջոցառման պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ օրը խորհրդանշական է, քանի որ մայիսի 16-ը ոչ միայն ԵՊՀ-ի 105-ամյակն է, այլև Ուսանողների և երիտասարդության օրը։
«Պատմության նշանավոր այս օրը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու համալսարանի հարուստ ժառանգությանը, մեր երկրի ու հասարակության զարգացման գործում ունեցած ներդրմանը և խոստումնալից այն ապագային, որը ձևավորվում է այսօր։ ԵՊՀ-ի դերը մեր երկրի զարգացման գործում անգնահատելի է»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ ընդգծելով, որ այսօր անցկացվող էքսպոն մեծ հնարավորություն է, քանի որ մեկ հարթակում հանդիպում են գործատուն և կրթությունը:
Ի դեպ, տարին հոբելյանական է նաև ԵՊհ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համար: Այս տարի նշվում է ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակը:
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ն անցկացվեց ԵՊՀ ամբողջ տարածքում․ համալսարանի բոլոր ֆակուլտետները, այդ թվում՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, ներկայացրին կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ՝ ընդունելով մասնակիցների ինքնակենսագրականները։
Նշենք, որ էքսպոյի ժամանակ մի շարք ուսանողներ և շրջանավարտներ, ներկայացնելով իրենց ինքնակենսագրականները, գործատուներից ստացան աշխատանքի առաջարկներ։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տաղավարը էքսպոյի ողջ ընթացքում լեփ-լեցուն էր: Տաղավարում անցկացվում էին բազմաթիվ խաղեր, վիկտորինաներ և խաղարկությունները:
Էքսպոյի շրջանակում ֆակուլտետը ձեռք բերեց մի շարք պայմանավորվածություններ տարբեր գործատուների հետ հետագա համագործակցության առնչությամբ: