Ս.թ. հուլիսի 25-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը մասնակցեց «Ֆինանսական գրագիտության բարձրացումը՝ որպես կապիտալի շուկայի զարգացման գործոն» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:
Քննարկման բանախոսների թվում էին ՀՀ առաջատար բուհերի և ֆինանսական ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նույն օրը մեկնարկեց նաև «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ-ի «Freedom Academy» կրթական նախաձեռնությունը։ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Սաֆարյանն իր խոսքում առանձնահատուկ կարևորեց ընկերության համագործակցությունը հայաստանյան բուհերի հետ: «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ-ի կրթական ծրագրերի ղեկավար Գեորգի Մելքոնյանը ներկայացրեց «Freedom Academy»-ի նպատակները և զարգացման ուղղությունները:
Կլոր սեղան-քննարկմանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը կարևորեց նման հանդիպումների անցկացումը և բուհ-կազմակերպություն համագործակցությունը՝ միաժամանակ ընդգծելով քննարկվող խնդրի այժմեականությունն ու կարևորությունը: Դոցենտ Կ. Խաչատրյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցելու պետական և մասնավոր հատվածի կազմակերպությունների՝ ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված կարևոր նախաձեռնություններին:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը և «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Հովակիմյանը կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը գիտակրթական ու հետազոտական գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցության զարգացումն է։
Կողմերի համոզմամբ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մասնագիտական ներուժի, ինչպես նաև Տնտեսական քաղաքականության վերլուծական կենտրոնի գործունեության ընթացքում կուտակված փորձի ու կարողության համադրմամբ հնարավոր կլինի ապահովել արդյունավետ համագործակցություն: Կնքված հուշագրով կողմերն իրենց փորձն ու հնարավորությունները մեկտեղելու պարտավորություն են որդեգրում՝ ի նպաստ բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու կրթությունից աշխատաշուկա անցումը դյուրացնելուն:
Կողմերը պատրաստակամ են համագործակցելու մի շարք ուղղություններով՝ համատեղ կրթական ծրագրերի և հետազոտական նախագծերի իրականացում, ուսանողների պրակտիկաների կազմակերպում «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ-ում, համատեղ գիտաժողովների, աշխատաժողովների և կլոր-սեղանների, վարպետության դասերի կազմակերպում, հնարավորության դեպքում բարձր առաջադիմությամբ ուսանողներին նպաստների և կրթաթոշակների տրամադրում:
Անհրաժեշտությունից ելնելով՝ կրթական ծրագրերի կատարելագործման նպատակով կողմերը պատրաստակամ են մշտապես քննարկելու և մշակելու համագործակցության առավել արդյունավետ այլ ձևաչափեր ևս:
Ֆակուլտետի դեկան Կ. Խաչատրյանը գործընկերներին հրավիրեց մասնակցելու աշնանը Երևանում կայանալիք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովին: