ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հոկտեմբերի 19-20-ը անցկացվեց «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագրի աշնանային շրջափուլը: Ծրագրի շրջանակում Երևան քաղաքի և մի շարք մարզերի 30 ավագ դպրոցների, քոլեջների, վարժարանների շուրջ 300 աշակերտներ հնարավորություն ունեցան լսելու ինտերակտիվ դասախոսություններ և ծավալելու մասնագիտական քննարկումներ:
Դասախոսությունները ծավալվեցին ֆակուլտետի չորս հիմնարար ամբիոնները բովանդակող թեմատիկ ուղղություններով, այդ թվում՝ բիզնես գաղափարի ձևավորում և գեներացում, շուկայական տնտեսությունը և պետության դերը, միջազգային բիզնես, բիզնեսի ֆինանսավորման աղբյուրները, մարքեթինգի դերը և լիդերությունը բիզնեսում, տնտեսական վերլուծություններ և կանխատեսումներ: Դասընթացներն ուղեկցվեցին թիմային աշխատանքներով և բիզնես-խաղերով:
Դպրոցականների համար նախատեսված «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը հագեցած էր ոչ միայն ուսումնական, այլև ճանաչողական բնույթի միջոցառումներով:
Ճաչողական բաղադրիչ ներառող միջոցառումների կազմակերպման աշխատանքներում ներգրավված ֆակուլտետի Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության ուսանողներն աշակերտներին ծանոթացրին ֆակուլտետում իրականացվող արտալսարանային՝ ինտելեկտուալ և մշակութային նախաձեռնություններին: Ծրագրի շրջանակում աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև Երևանի պետական համալսարանի պատմությանը, արժեքներին և մշակույթին:
Երկօրյա ծրագրի ավարտին մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր:
Նշենք, որ «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը, մեկնարկելով և մեծ հաջողություններ գրանցելով նախորդ ուսումնական տարում, դարձել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամենամյա ավանդական միջոցառումներից:
Այս շրջափուլում ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած դպրոցականների թվի կրկնակի ավելացումը վկայում է ծրագրի բարձր արդյունավետության մասին: Միջոցառումը կազմակերպվում է աշնանային և գարնանային շրջափուլերով՝ մասնակցության հնարավորություն ընձեռելով թե՛ Երևանի, թե՛ մարզերի բոլոր ավագ դպրոցների աշակերտներին:
Բովանդակությամբ և ուղղվածությամբ լինելով աննախադեպ՝ «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը իրականացվում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ և ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աջակցությամբ: Այն միտված է ամրապնդելու բուհ-դպրոց համագործակցությունը, ինչպես նաև օգնելու բարձրդասարանցիներին մասնագիտական կողմնորոշման հարցում։