History of Armenian language and Linguistics
Master's programme
Ծրագրի մասին
«Հայոց լեզվի պատմություն և ընդհանուր լեզվաբանություն» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնում:
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր:
Ընդունելության հարցաշարը տեղադրված է կայքի Ընդունելություն բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել լայն ընդգրկման հայագետ լեզվաբաններ՝ դասական լեզուների իմացությամբ, այդ լեզուներից թարգմանություն-փոխադրություններ կատարելու հմտություններով, ինչպես նաև ծանոթացնել համակարգչային լեզվաբանության, ավտոմատ թարգմանության հիմունքներին։
Ուսումնառության ընթացքում ուսանողները ստանում են հնագույն ձեռագրեր կարդալու ու նկարագրելու գիտելիքներ և հմտություններ, սովորում են գրաբարյան, միջինհայերենյան և աշխարհաբարյան քննական բնագրեր կազմելու աշխատանքի սկզբունքները:
Կրթական ծրագրի հիմնական նպատակներից է ձևավորել հետազոտող լեզվաբան գիտնականներ՝ գրաբարագետներ, բարբառագետներ, խմբագիրներ, համակարգչային լեզվաբանության արդի աշխատաշուկայում պահանջարկված մասնագետներ։
Առավելությունները
Ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացների բովանդակությունը վերաբերում է հայոց լեզվի պատմությանը և ընդհանուր լեզվաբանությանը, համակարգչային լեզվաբանությանը, դասական լեզուների՝ հին հունարենի, լատիներենի քերականական և բառապաշարային առանձնահատկություններին:
Այս ծրագրի ավարտին ուսանողներն ունակ կլինի ճանաչել հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության հիմնախնդիրները, տիրապետել այս գիտակարգերի հետազոտական մեթոդներին, հին գրական հայերենի՝ գրաբարի դասական և հետդասական շրջանների, ինչպես նաև միջին գրական հայերենի և աշխարհաբարի կառուցվածքային յուրահատկություններին, դրանց ընդհանրություններին ու տարբերություններին:
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
«Հայոց լեզվի պատմություն և ընդհանուր լեզվաբանություն» ծրագրի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել ասպիրանտուրայում։