June 26, 2023 | 10:01
Science
Education
Student
"The university has a great contribution to the creation of a knowledge-based economy". Anahit Gasparyan, the best student of YSU
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անահիտ Գասպարյանը «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթողներից է: Իրեն համեմատելով Լյուիս Քերոլի հայտնի ստեղծագործության հերոսուհու՝ Ալիսի հետ՝ Անահիտն ասում է՝ «վազում է կրկնակի արագ» իր նպատակակետին հասնելու համար: Անահիտի հետ զրույցի առանցքային թեմաներից է նրա՝ համալսարանում ստացած գիտելիքների միջոցով սահմանված նպատակները իրականություն դարձնելու ձգտումը:
Դպրոցական տարիքում մասնագիտական կողմնորոշման նպատակով ՀՀ կենտրոնական բանկ կատարած այցն Անահիտի համար վճռորոշ է եղել: Տպավորված լինելով ֆինանսական համակարգում ազգային բանկի ունեցած դերով՝ Անահիտը որոշել է տարիներ անց վերադառնալ այնտեղ արդեն որպես աշխատակից: Իմանալով, որ սահմանված նպատակին հասնելու համար «երաշխավոր» կարող է դառնալ համալսարանական կրթությունը, Անահիտն ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ ու կերտել «ուսանողական փայլուն պատմություն»:
«Եթե փորձեմ բնութագրել ուսումնառությանս տարիները, ապա «բազմաբովանդակ» բառը կլինի ամենաճիշտ ընտրությունը: Ուսումնառությանը զուգահեռ՝ ակտիվորեն մասնակցել եմ համալսարանական և արտահամալսարանական տարբեր միջոցառումների»,- փաստում է Անահիտը:
Նա մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի և ԿԳՄՍ նախարարության համագործակցության շրջանակում իրականացվող ֆինանսատնտեսագիտական և ձեռնարկատիրական «Brain Ring» մրցույթի աշխատանքներին, դասընթացներ է անցկացրել հասարակական մի քանի կազմակերպություններում, ինչպես նաև նախաձեռնել է տարաբնույթ այլ միջոցառումներ:
Անահիտը եղել է այնպիսի միջոցառումների նախաձեռնողներից, որոնք նպաստում են ուսանողների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը: Ասում է՝ այդօրինակ միջոցառումների մասնակցելու շնորհիվ ֆակուլտետի մի շարք ուսանողներ, իրականացնելով հետազոտական տարաբնույթ աշխատանքներ, առաջին քայլերն են կատարել գիտության ոլորտում:
Հատկանշական է, որ վերոգրյալից զատ՝ Անահիտը ներգրավված է ֆինանսական կրթությանն ու մաթեմատիկային առնչվող խնդիրների ժողովածուի խմբագրական աշխատանքներում:
Երբ գիտական միտքը դառնում է մարդկային կապիտալ, իսկ համալսարանը մեծ ներդրում է ունենում գիտելիքահենք տնտեսության ստեղծման և ոլորտի լավագույն մասնագետների պատրաստման գործում…
Գիտելիքահենք տնտեսության ստեղծման գործում մարդկային կապիտալը կենտրոնական դեր ունի, իսկ համալսարանը տալիս է երկրի կայուն զարգացման հիմնախնդիրները լուծելու ունակ որակյալ մասնագետներ: ԵՊՀ-ում ուսանելու տարիներին ուսանողները ոչ միայն մասնագիտական աճ են գրանցում, այլև անձնային նոր հատկանիշների կրող են դառնում, ինչն էլ խթանում է «գիտելիքի հասարակության» զարգացմանը:
Այս համատեքստում անդրադառնալով սեփական գիտական ուսումնասիրություններին՝ Անահիտն առանձնացնում է «Հակաճգնաժամային կառավարման միջոցառումների միջազգային և hայաստանյան փորձը կորոնավիրուսային համավարակի պայմաններում» թեմայով գիտական հոդվածը:
Երբ ԵՊՀ-ն կամրջում է աշխատանք առաջարկողների ընձեռած հնարավորություններն ու դրա պահանջարկն ունեցողների ակնկալիքները, ձևավորվում է հավասարակշռություն, որտեղ համընկնում են երկու կողմերի շահերը…
Աշխատաշուկայում որակյալ մասնագետների առկայությունը տնտեսության զարգացման կարևոր գրավականներից է: Այդ գիտակցումը հիմք է դարձել, որ Անահիտը ՈՒԳԸ թիմի հետ նախաձեռնի և ֆակուլտետի աջակցությամբ կազմակերպի աշխատանքի տոնավաճառ՝ ամրապնդելու բուհ-աշխատաշուկա կապերը:
«2 տարի անընդմեջ կազմակերպվող միջոցառման շնորհիվ ֆակուլտետի՝ շուրջ 200 ուսանողներ աշխատանք են գտնել։ Մեզ համար ոգևորիչ էր այն, որ ՈՒԳԸ թիմը գործատուներից շնորհակալական նամակներ է ստացել ուսանողներին և գործատուներին ընդհանուր հարթակում միավորելու և որակյալ կադրերի հետ հաղորդակցվելու հնարավորություն ընձեռելու համար»,- ասում է Անահիտը՝ ընդգծելով ԵՊՀ տված մրցունակ կրթության դերն աշխատաշուկայում:
Խոսելով ֆակուլտետում ստացած գիտելիքներն աշխատաշուկայում կիրառելու իր փորձից՝ Անահիտը մատնանշում է ՀՀ կենտրոնական բանկում գրանցած մասնագիտական հաջողությունները: Որպես ֆինանսական համակարգում մրցակցության վերլուծության և ապահովման բաժնի մասնագետ նրա կատարած աշխատանքը ենթադրում է ֆինանսական համակարգում ազատ և բարեխիղճ մրցակցության ապահովում և տարբեր շուկաների վերլուծության միջոցով հակամրցակցային իրավախախտումների բացահայտում և (կամ) կանխում։
«Իմ ձեռքբերումների հիմնական գրավականը համալսարանում ստացածս գիտելիքներն են: Աշխատանքս ընդգրկում է ֆինանսական ամբողջ համակարգը, և համալսարանում ստացած գիտելիքներն օգնում են ինձ հաջողություններ գրանցել ինչպես միկրո- և մակրոտնտեսագիտական ոլորտներում, այնպես էլ էկոնոմետրիկ վերլուծություններ կատարելիս: Դա ակնհայտ դարձավ հատկապես վերջերս, երբ որպես բանկի աշխատակից գործուղվեցի Բարսելոնա՝ մասնակցելու Բարսելոնայի տնտեսագիտության դպրոցի (Barcelona School of Economics) կազմակերպած «Մրցակցության վերլուծության քանակական մեթոդներ» (Quantitative Methods for Competition Analysis) խորագրով ծրագրին: Դրա շրջանակում ոլորտի լավագույն մասնագետները ներկայացնում էին իրենց ձեռք բերած փորձը և պատմում էկոնոմետրիկ այնպիսի գործիքների մասին, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում չափել մրցակցության աստիճանը տարբեր իրավիճակներում»,- ասում է Անահիտը:
Ամփոփելով խոսքը՝ լավագույն ուսանողը փաստում է՝ համալսարանում ձևավորվել և զարգացել են կաղապարներից դուրս մտածելու և վերլուծելու, նորարար և ստեղծագործ լինելու այնպիսի հատկանիշներ, որոնք հիմք են դարձել չսահմանափակվելու միայն նեղ մասնագիտական ոլորտով, այլ ուժերը փորձելու և հաջողելու տարբեր բնագավառներում: