June 28, 2023 | 16:15
Science
Education
International cooperation
"Teaching Arabic as a foreign language": International Conference at YSU
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Արաբերենի դասավանդումը որպես օտար լեզու» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որի նպատակն է քննարկել արաբերենի ուսուցմանը և ուսումնառությանն առնչվող խնդիրները, մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները և լեզվի տարածման հեռանկարները:
Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի և ֆակուլտետում գործող Աբդուլազիզ Սաուդ ալ Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով:
2017 թ. Երևանի պետական համալսարանի և «Աբդուլազիզ Սաուդ ալ Բաբտեյն» մշակութային հիմնադրամի միջև կնքված հուշագրի արդյունքում 2018 թվականից ԵՊՀ արաբագիտության ամբիոնում գործում է Աբդուլազիզ Սաուդ ալ Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնը, հրատարակվում են մասնագիտական գրքեր, դասագրքեր, բառարաններ, կազմակերպվում են գիտաժողովներ ու տարաբնույթ միջոցառումներ՝ Արաբագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորումը բարձրացնելու և արաբական մշակույթն ու լեզուն ճանաչելի դարձնելու նպատակով:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով գիտաժողովի անցկացումը, ընդգծեց. «Յուրօրինակ ավանդույթներ ունեցող ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնը ոչ միայն նպաստում է արաբերենի, արաբական գրականության ու մշակույթի տարածմանը, այլև ԵՊՀ միջազգայնացմանը՝ սերտ կապեր ստեղծելով Արաբական երկրների հետ, և այսօրինակ միջոցառումներն ամրապնդում են այդ կապերը նաև գիտակրթական ոլորտում»:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը շեշտեց, որ Արաբագիտության ամբիոնի մեծ ներուժի ու ջանքերի շնորհիվ արաբերենի ուսուցման դասագրքերը դառնում են ոչ միայն հայ, այլև օտարազգի ուսանողների ուսումնառության համար ուղեցույց, ինչի շնորհիվ ԵՊՀ արաբագիտության ամբիոնը արաբերեն սովորեցնելու առումով առաջատար դիրքերում է։
«ԵՊՀ արաբագիտության ամբիոնը յուրահատուկ արաբական «դեսպանություն» է Երևանի պետական համալսարանում, քանի որ Արաբական երկրների պատմության, քաղաքականության, մշակույթի տարբեր գործընթացներ հանրությանն են ներկայացվում հենց Արաբագիտության ամբիոնի մասնագետների և շրջանավարտների շնորհիվ»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը և հավելեց. «Վստահ եմ, որ այս գիտաժողովի ընթացքում անցկացվող քննարկումները, գործընկերային շփումները հիմք են դառնալու նոր ուսումնասիրությունների և ձեռնարկների ստեղծման համար, որոնք նպաստելու են արաբերենի տարածմանը և դասավանդման մակարդակի բարձրացմանը»։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը շեշտեց, որ Աբդուլազիզ Սաուդ ալ Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի հետ համատեղ որոշում է կայացվել, ի թիվս այլ նախաձեռնությունների, այս անգամ անցկացնել նաև այս գիտաժողովը՝ միջազգային գործընկերների հետ փորձի և գաղափարների փոխանակման համար:
«Տարիներ շարունակ Արաբագիտության ամբիոնը մշակել ու զարգացրել էր արաբերենի դասավանդման իր մեթոդաբանությունը, և այս գիտաժողովը հնարավորություն է տալիս ծանոթանալու միջազգային գործընկերների մեթոդաբանությանը և դրա զարգացման հնարավորություններին»,- ասաց Հ. Քոչարյանն ու ընդգծեց, որ նպատակ ունեն հետագայում պարբերաբար կազմակերպելու այսօրինակ գիտաժողովներ:
Միջազգային երկօրյա գիտաժողովին առցանց և անցանց տարբերակներով մասնակցում են ավելի քան 20 պրոֆեսորներ ու դասախոսներ Հայաստանի, Քուվեյթի, Սիրիայի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Գերմանիայի, Վրաստանի, Ռուսաստանի բուհերից: Զեկուցումներում նրանք ներկայացնում են արաբերենի դասավանդման դժվարությունները, հեռավար ուսուցման և այլ հանգամանքներում առաջացած մարտահրավերները, արաբերենից հայերեն և հայերենից արաբերեն համաժամանակյա թարգմանության ուսուցման և այլ առանձնահատկությունները, արաբերեն սովորելու մոտիվացիան, հոգեբանական դժվարությունները և դրանց հաղթահարման ուղիները:
Քուվեյթի համալսարանի՝ լեզվի կենտրոնի տնօրեն Խալեդ ալ Ֆադլին, մեզ հետ զրույցում անդրադառնալով Երևանի պետական համալսարանի հետ տարիների պատմություն ունեցող համագործակցությանը, նշեց. «ԵՊՀ արաբագիտության ամբիոնում նախկինում անցակցրել եմ դասախոսություններ և քննարկումներ, իսկ այս անգամ գիտաժողովի շրջանակում կներկայացնեմ «Լեզվական դժվարություններ, որոնց հանդիպում են հայ ուսանողները արաբերեն սովորելիս» խորագրով զեկուցումը: ԵՊՀ ուսանողները տարիներ շարունակ մեր կենտրոնում արաբերեն են սովորում, և ես ծանոթ եմ լեզվական վերոնշյալ խնդիրներին, ուստի զեկուցման թեմայի ընտրությունը պատահական չէր»,- ասաց Խալեդ ալ Ֆադլին և հավելեց. «Շատ ոլորտներ ու ուղղություններ կան, որտեղ երկու բուհերը կարող են համագործակցել, և ես մեծ ցանկություն ունեմ՝ նպաստելու այդ համագործակցության շարունակականության ապահովմանը»:
Նշենք, որ «Արաբերենի դասավանդումը որպես օտար լեզու» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովին մասնակցում են նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: