July 03, 2023 | 16:53
Science
Partners
International cooperation
"Mathematics in Armenia: Achievements and Prospects": International Conference at YSU
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում մեկնարկեց «Մաթեմատիկան Հայաստանում. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային հնգօրյա գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին:
Արդեն 3-րդ անգամ անցկացվող գիտաժողովի հիմնական նպատակն է համախմբել տարբեր երկրներում մաթեմատիկայի, վիճակագրության և տվյալների գիտության ոլորտներում գիտական գործունեություն ծավալող հայ և օտարազգի մասնագետների և միասին քննարկել ոլորտին առնչվող գիտական հարցերը, խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները և համագործակցության հնարավորությունները:
Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի համագործակցության շրջանակում: Միևնույն խորագրով գիտաժողովներ են կազմակերպվել նաև 2003 և 2013 թվականներին՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 60 և 70-ամյակներին:
Երևանի պետական համալսարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցությունն ունի տասնյակ տարիների պատմություն: Գործակցության շրջանակում կատարվում են գիտական հետազոտություններ, հրապարակվում են գիտական աշխատանքներ ու հոդվածներ, կյանքի են կոչվում համատեղ այլ ծրագրեր: ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների առաջատար գիտնականները դասավանդում են ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում, ղեկավարում են ուսանողների գիտական աշխատանքները, իսկ համալսարանականները համալրում են ՀՀ ԳԱԱ ասպիրանտների և աշխատակիցների շարքերը:
Միջազգային հնգօրյա գիտաժողովին մասնակցում են ոլորտի մոտ 100 ներկայացուցիչներ 20-ից ավելի երկրներից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից, Իսրայելից և այլն: Դասախոսությունների ընթացքում բանախոսներն անդրադառնում են հանրահաշվին և տրամաբանությանը, հավանականությանը և վիճակագրությանը, օպտիմալացմանը և օպտիմալ վերահսկմանը, տվյալների գիտությանը և այլ թեմաների:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով գիտաժողովի անցկացումը, նշեց. «ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված այս գիտաժողովը հրաշալի հնարավորություն է՝ անդրադառնալու մեր ձեռքբերումներին, տոնելու մեր հաջողությունները և որ ամենակարևորն է՝ ուրվագծելու մաթեմատիկայի ապագան Հայաստանում: Ես կարծում եմ, որ կատարելով ներդրումներ մեր կրթական հաստատություններում ու գիտահետազոտական կենտրոններում, խրախուսելով միջգիտակարգային համագործակցությունը՝ մենք կապահովենք այնպիսի միջավայր, որտեղ տարբեր ոլորտների գիտնականների ու հետազոտողների հետ համագործակցության միջոցով կկարողանանք կիրառել մաթեմատիկայի ներուժը բարդ մարտահրավերներին դիմակայելու ու խնդիրներին նորարարական լուծումներ գտնելու համար»:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն ընդգծեց, որ գիտաժողովը հրաշալի հնարավորություն է՝ ամրապնդելու կապերը ֆակուլտետի շրջանավարտների հետ, որոնք այլ երկրներում հասել են գիտական նվաճումների:
«Գիտաժողովն էապես կնպաստի հայ մաթեմատիկոսների միջազգային գիտական կապերի և համագործակցության ընդլայնմանը, ինչը կարող է հիմք դառնալ ՀՀ-ում մաթեմատիկայի նոր ուղղությունների ներդրման և երիտասարդ կադրերի պատրաստման համար»,- նշեց Ա. Սահակյանը։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, անդրադառնալով ՀՀ ԳԱԱ հիմնադրմանը և մաթեմատիկայի զարգացմանը, շեշտեց. «1943 թ. Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրմամբ մաթեմատիկայի զարգացումը մեծ թափ ստացավ, իսկ 1971 թ., որպես առանձին միավոր, ձևավորվեց Մաթեմատիկայի ինստիտուտը, որը անգամ ամենադժվար ժամանակներում պահպանել է ներուժը՝ կրթելով նոր սերնդի մաթեմատիկոսներ»:
Գիտաժողովի մասնակիցներից է նաև Շանհայի Նյու Յորքի համալսարանի դոցենտ, ֆ.մ.գ.թ., ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ Վահագն Ներսեսյանը: Նա փաստեց, որ ԵՊՀ-ում ստացած բազմակողմանի և խոր գիտելիքներն իր հաջողությունների հիմքն են, և այժմ ինքը շատ ուրախ է կրկին ԵՊՀ-ում գտնվելու համար:
«Գիտաժողովի շրջանակում կներկայացնեմ «Մասնակի դիֆերենցիալ հավասարումների ապրոքսիմատիվ կառավարում» խորագրով զեկուցում: Հայաստանում այս ուղղության նկատմամբ հետաքրքրվածությունը քիչ է: Հույս ունեմ, որ իմ զեկուցումը հետաքրքրություն կառաջացնի այդ ոլորտի նկատմամբ և հնարավորություն կտա հետագայում համատեղ գործունեություն ծավալելու»,- նշեց Վ. Ներսեսյանը:
Նշենք, որ «Մաթեմատիկան Հայաստանում. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային հնգօրյա գիտաժողովին մասնակցում են նաև ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: