July 06, 2023 | 09:45
Science
Research
International cooperation
YSU Strengthens Cooperation with the University of Hamburg
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտներ Արտյոմ Տոնոյանը և Հակոբ Ավչյանը DAAD դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3 ամսով մեկնել են Գերմանիա՝ Համբուրգի համալսարանում հետազոտական աշխատանք կատարելու:
Համալսարանի ընտրությունը
ԵՊՀ իրանագիտության ամբիոնն արդեն տևական ժամանակ համագործակցում է Համբուրգի համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի և այս ինստիտուտում գործող Իրանագիտության բաժնի հետ, որը համարվում է իրանական լեզվաբանության և բարբառագիտության ոլորտում արևմտյան ամենահայտնի կենտրոններից մեկը։
Սա Հակոբ Ավչյանի 3-րդ, իսկ Արտյոմ Տոնոյանի 2-րդ այցն է Համբուրգի համալսարան։ Նախորդ այցերի շրջանակում ԵՊՀ դոցնետները կատարել են ազգային փոքրամասնությունների հետ կապված դաշտային աշխատանքներ, հեղինակել գիտական հոդվածներ ու մենագրություններ։
Այդ հաջող համագործակցությունների շնորհիվ Արտյոմ Տոնոյանը և Հակոբ Ավչյանն այս անգամ Գերմանիա են մեկնել Համբուրգի համալսարանի իրանագիտության բաժնի դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Պաուլի հրավերով: Նշենք, որ վերջինս ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հրավերով 2016 թ․ ԵՊՀ-ում էր որպես հրավիրյալ դասախոս և Իրանագիտության ամբիոնի ուսանողների համար դասախոսություններ է կարդացել իրանագիտության և իրանական լեզվաբանության տարբեր ոլորտների վերաբերյալ։ Համբուրգի համալսարանի դոկտորը նաև ցանկություն է հայտնել ԵՊՀ ուսանողների համար առցանց դասախոսություն կարդալու՝ մինչ ԵՊՀ վերադառնալու նոր հնարավորություն ունենալը։
Թեմաների ընտրությունը և կարևորությունը
Մեր օրերում լեզվաբանության ամենապահանջված ուղղություններից են վտանգված լեզուների ուսումնասիրությունը և փաստագրումը: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի մասնագետների ուշադրության կենտրոնում են Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետությունների տարածքներում խոսվող վտանգված իրանական լեզուները և հայ-իրանական լեզվական շփման գոտիները: Այս անգամ ամբիոնի դոցենտների հետազոտության թեմաներն առնչվում են կովկասյան պարսկերենին և թալիշերենին:
«Կովկասյան պարսկերենի շիրվանական խոսվածքների վրա Շամախիի հայոց բարբառի ազդեցության ուսումնասիրություն» թեմայի շրջանակում Արտյոմ Տոնոյանն ուսումնասիրում է Շամախիի տարածքը՝ որպես հայ-իրանական լեզվական շփման գոտի: Անդրադառնալով թեմայի ընտրության արդիականությանն ու կարևորությանը՝ Արտյոմ Տոնոյանը նշեց. «Շամախին, լինելով բազմալեզու պատմական տարածք, այսօր արդեն այդպիսին չի համարվում, քանի որ մի կողմից՝ վտանգված և կորստյան եզրին են տեղի կովկասյան պարսկական ու թաթական բարբառները, մյուս կողմից՝ թաթախոս հայերը 1989 թ. բռնարտաքսման (դեպորտացիա) պատճառով լքել են տարածքը, ինչի հետևանքով էլ մասնագիտական գրականության մեջ բարբառն այժմ համարվում է գրեթե մեռած»:
Հակոբ Ավչյանը «Փոխառյալ բառերը հյուսիսթալիշական երկու բարբառներում. համեմատական ուսումնասիրություն» թեմայի շրջանակում քննում է Իրանի տարածքում խոսվող թալիշերենի Անբարանի բարբառում և արդեն Ադրբեջանի տարածքում խոսվող Լենքորանի բարբառում գործածական փոխառյալ բառերը:
«Ուսումնասիրության նպատակն է առանձնացնել փոխառյալ բառերի իմաստաբանական խմբերը, պարզել աղբյուրներն ու կատարել այդ աղբյուրների միջև համեմատություններ՝ տոկոսային հարաբերությամբ ներկայացնելով փոխառված և բնիկ թալիշերեն բառերի թիվը, ինչպես նաև՝ փոխառված բառերի իմաստային ու հնչյունական փոփոխությունները՝ կապված թալիշերենի առանձնահատկությունների հետ»,- նշեց Հակոբ Ավչյանը:
Հնարավորությունները
«Սա բացառիկ հնարավորություն է՝ շփվելու բարբառակիրների հետ, որոնք նաև Համբուրգի համալսարան հրավիրված լեզվաբան ասպիրանտներ են։ Առհասարակ բարբառակիրների հետ շփումը լեզուների փաստագրման հրաշալի և փորձված մեթոդ է մեր օրերում, քանի որ, աշխարհագրական ու քաղաքական հանգամանքներով պայմանավորված, անհնար է դաշտային հետազոտական աշխատանքներ կատարել Ադրբեջանում և Թուրքիայում»,- ընդգծեց Արտյոմ Տոնոյանը:
Հակոբ Ավչյանը, անդրադառնալով դրամաշնորհային ծրագրի շրջանակում Համբուրգի համալսարանում կատարվող հետազոտական աշխատանքների կարևորությանը, փաստեց․ «Օտարերկրյա համալսարաններում այսօրինակ ծրագրերին մասնակցելը նպաստում է ոչ միայն բուն թեմայի հետազոտությանը, այլև գործակցային նոր կապերի հաստատմանը օտարերկրացի գիտնականների հետ։ Ասվածի լավագույն ապացույցներից է համագործակցությունը Համբուրգի համալսարանի իրանագիտության բաժնի դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Պաուլի հետ, որի հետ այժմ մշակում ենք համատեղ ծրագրեր կյանքի կոչելու հնարավոր հեռանկարները»։
Թեև դրամաշնորհային ծրագիրը չի ենթադրում գիտական աշխատանքի անպայման տպագրություն, այնուամենայնիվ ԵՊՀ դոցենտները ցանկություն ունեն արված հետազոտություններն ամփոփելու գիտական հոդված(ներ)ի տեսքով։